Ժամկետանց վարկերի խնդիրը վերստին արդիական է դառնում
Ոչ վաղ անցյալում կառավարության նախաձեռնությամբ ժամկետանց վարկեր ունեցող հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ստացան ազատվել կուտակած տույժ-տուգանքներից։ Իշխանափոխությունից անմիջապես հետո կատարված այդ քայլով կառավարությունը ցանկանում էր ցույց տալ, որ մտահոգ է ժողովրդի խնդիրներով և պատրաստ է թեթևացնել նրա հոգսը։
Իրականում այդպես էլ եղավ։ Անկախ նախաձեռնության բնույթից, այն ինչ-որ առումով ծառայեց իր նպատակին։ Բազմաթիվ վարկառուներ ազատվեցին ժամկետանց վարկերի դիմաց հաշվարկված, երբեմն՝ բավական մեծ գումարների հասնող, տույժ-տուգանքների վճարումից։ Այլ հարց է, թե դրանով որքանո՞վ լուծվեց այն համակարգային խնդիրը, որը դարձել էր ժամկետանց վարկերի առաջացման հիմնական պատճառը։ Պատահական չէ, որ կարճ ժամանակ անց խնդիրը վերստին արդիական է դառնում՝ կառավարության ու բանկային համակարգին կանգնեցնելով հերթական փորձության առջև։
Տույժ-տուգանքների ներման նախաձեռնությունից հետո դարձյալ նկատվում է ժամկետանց վարկերի ակտիվ աճ։ Ութ ամսվա ընթացքում դրանք ավելացել են 30 տոկոսով։ Եթե նախորդ տարվա ապրիլի սկզբին բանկերի ժամկետանց վարկերը կազմում էին 32,9 մլրդ դրամ, ապա նոյեմբերին հասել են 42,8 միլիարդի։ Այլ կերպ ասած, 8 ամսում համալրվել են գրեթե 10 մլրդ դրամով։
Բանկերի ժամկետանց վարկերի ավելացում նկատվեց անցած տարվա ապրիլից։ Մինչ այդ դրանք նույնիսկ նվազման միտում էին դրսևորում։ Տարեսկզբի երեք ամիսներին ժամկետանց վարկերը կրճատվեցին 1,1 մլրդ դրամով։ Ապրիլից, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց, աճի միտումը վերականգնվեց և շարունակվեց հետագա բոլոր ամիսներին։
Որքան էլ թվում էր, թե տույժ-տուգանքների ներումից հետո ժամկետանց վարկերը պետք է կրճատվեն, այնուհանդերձ այդպես չեղավ։ Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ պահպանվեցին դրանք ծնող պատճառները։
Թե ժամկետանց վարկերի ակտիվացման վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել տույժ-տուգանքները ներելու կառավարության նախաձեռնությունը, առայժմ վաղ է ասել։ Մի բան ամեն դեպքում միանշանակ է, որ համաներումները սովորաբար լավ բանի չեն բերում։ Դրանք շահառուների շրջանում ձևավորում են որոշակի սպասումներ, որոնք բացասական հետևանքներ են ունենում հետագա գործընթացների վրա։
Ինչպես սովորաբար լինում է, համաներումների միջոցով ընդամենը հետաձգվում և ոչ թե լուծվում են խնդիրները։ Այդպես է նաև ժամկետանց վարկերի դեպքում։
Կառավարության նախաձեռնությունն առաջին հերթին հասարակության աչքին լավամարդ երևալու փորձն էր։ Բնականաբար, այն լուրջ արդյունքներ չէր կարող տալ, որովհետև խնդիրն ամենևին էլ միայն վարկերի տույժ-տուգանքների մեջ չէ։ Համաներումից հետո դեռ մեծ հարց է, թե վարկառուների ո՞ր մասն է կարողանում սպասարկել վերակառուցված վարկերը և նոր տույժ-տուգանքներ այլևս չի կուտակում։
Վարկերը ժամանակին չսպասարկելն իրականում այնքան էլ կապված չէ տույժ-տուգանքների հետ։ Առավել ևս, որ բանկերը միշտ էլ հակված են հրաժարվել նման գումարներից, եթե վարկառուն պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների պատշաճ կատարմանը։ Այնպես չէ, որ բանկերին ձեռնտու է տույժ-տուգանքների կուտակումը, մանավանդ որ, վարկառուն, առանց այդ էլ, չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Պարզ է, որ դա առավել ևս անհնարին է լինելու լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ առաջադրելու դեպքում։
Կասկած չկա, որ համաներումը բխում է ոչ միայն՝ վարկառուների, այլև՝ բանկերի շահերից։ Նրանք կարող են հույս ունենալ, որ այդ ճանապարհով և առանց դատական պրոցեսների կստանան գոնե մայր գումարներն ու տոկոսները։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարելի է սպասել առաջին հայացից։ Խնդիրը նաև տույժ-տուգանքների լինել-չլինելու մեջ չէ։
Երբ մարդիկ հնարավորություն չունեն սպասարկել վարկերը, ամենևին էլ կարևոր չէ՝ դրանք կլինեն տույժ-տուգանքներո՞վ, թե՞ առանց դրանց։ Նման պայմաններում կառավարությունն ու բանկերը պարտավոր են առաջին հերթին՝ մտածել ոչ թե՝ տույժ-տուգանքների ներման, այլ՝ այդ երևույթը ծնող պատճառները վերացնելու մասին։
Դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ բարձրացնել վարկառուների վճարունակությունը։ Այլ կերպ ասած, ավելացնել եկամուտները։ Բայց այդ առումով դժվար է խոսել տեսանելի լուծումների մասին։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանափոխությունից հետո հասարակության եկամուտները չափազանց դանդաղ են ավելանում։ Կառավարությանը չհաջողվեց նկատելի տեղաշարժ արձանագրել աշխատավարձերի ավելացման առումով։ Ավելին, մոտակա հեռանկարում նման հնարավորությունները խիստ սահմանափակ են գնահատվում։
Չնայած խոստումներին, այնուհանդերձ ընթացիկ տարվա պետական բյուջեով կառավարությունը միջոցներ չհատկացրեց թե՛ ընդհանրապես աշխատավարձերի, և թե՛ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար։ Հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում ձևավորված բարձր գնաճը՝ սա ամենևին էլ հասարակության եկամուտների ավելացման օգտին չէ։
Ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ այս տարվա ընթացքում խիստ մշուշոտ են նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները։ Գաղտնիք չէ, որ դա հասարակության եկամուտների ավելացման մյուս կարևոր նախապայմանն է։
Հասարակության վարկունակությունը բարձրացնելու գործում, իհարկե, միայն կառավարությունը չէ, որ անելիքներ ունի։ Պակաս կարևոր չէ նաև բանկային հատվածի դերը։ Պետք է քայլեր ձեռնարկել ոչ թե՝ վարկառուներին տույժ-տուգանքներից ազատելու, որն իրականում գրեթե ոչինչ չի տալիս նրանց, այլ՝ մտածել վարկերի պայմանները բարելավելու և մատչելիությունը բարձրացնելու մասին։ Չնայած որոշ էժանացման, վարկային հիմնական պրոդուկտների գինը Հայաստանում չի համապատասխանում հասարակության վճարունակությանը։ Վարկերի պայմանները շարունակում են բավականաչափ ծանր լինել։ Մարդիկ երբեմն կարիքից դրդված ստիպված են լինում մտնել նման ծանրության տակ՝ հետագայում կանգնելով վերցված գումարները վերադարձնելու անհնարինության փաստի առջև։
Լուրջ խնդիր կա թաքնված վարկային գնի հետ կապված։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի պայմաններ են պարունակում, որոնք էապես ավելացնում են դրանց սպասարկման արժեքը։ Շատ դեպքերում տեղյակ չլինելով նման ծուղակների գոյության մասին, հետագայում վարկառուները կանգնում են ծանր կացության առջև։
Քիչ չեն անելիքները նաև տրամադրվող վարկային միջոցների նպատակային օգտագործման հետ կապված։ Բազմաթիվ դեպքերում, հատկապես գյուղվարկերը, ծախսվում են ոչ թե՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, այլ՝ բոլորովին ուրիշ, այդ թվում՝ կենցաղային խնդիրների լուծման նպատակով։ Չապահովելով վերարտադրություն՝ հետագայում դժվարություններ են առաջանում՝ դրանց վերադարձելիության հետ կապված։
Սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք դառնում են ժամկետանց վարկերի առաջացման պատճառ։ Ուստի պետք է մտածել առաջին հերթին՝ դրանք վերացնելու կամ մեղմելու մասին։ Պատահական չէ, որ, ինչպես և սպասվում էր, տույժ-տուգանքների ներումով խնդիր չլուծվեց և չէր էլ կարող լուծվել։ Այն վերստին գլուխ է բարձրացնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ