
«Եթե Հարի Քեյնն ուզում է հաղթել, ապա նա պետք է հեռանա «Տոտենհեմից»». Զլատան Իբրահիմովիչ

Իբրան հաստատ գիտի, թե ինչ է նշանակում լինել հաղթող:
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կոչ է արել «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնին հեռանալ լոնդոնյան ակումբից:
«Երբ ես Անգլիայում էի, տեսնում էի, թե ինչպես է խաղում Քեյնը: Կարծում եմ՝ նա գերազանց հարձակվող է: Նա անընդհատ աճում է և շատ լավ է խաղում: Բայց ես միշտ ասել եմ, որ մեծ ակումբում խաղալը մի բան է, իսկ խաղալ, ամենայն հարգանքով «Տոտենհեմի» նկատմամբ, «նորմալ» ակումբում, դա լրիվ այլ բան է:
Ես կարծում եմ, նա կարող է խաղալ թոփ-ակումբում: Նրան ուղղակի պետք է տեղափոխվել այլ ակումբ, և մարդիկ նրան կհիշեն հաղթած տիտղոսներով: Այնպես որ, եթե նա ուզում է հաղթել, ապա պետք է փոփոխությունների գնա»,- Իբրայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Քեյնը դարձել է «Տոտենհեմի» հիմնական հարձակվողը 2014 թվականին: 4.5 տարվա ընթացքում նա թիմի կազմում չի հաղթել ոչ մի տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը