ՊԵԿ-ն ավելորդ փաստաթղթեր է պահանջում ավտոմեքենա ներկրողներից
«Հունվարի 8-ից սկսած ՊԵԿ-ում տեղի են ունենում անհասկանալի երևույթներ: Բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 1-ն էին մեքենաներ ձեռք բերել՝ կանգնել են լուրջ խնդրի առջև: Օրերով մաքսազերծելու համար հերթ են կանգնում: Սա անթույլատրելի մոտեցում է: 21-րդ դարում նման իրավիճակն անհասկանալի է: Մարդիկ գիշերը քնում են մեքենայում, որ հասցնեն մաքսազերծել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ-փորձագետ Արթուր Միսակյանը:
Դիտարկմանը, թե ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ մաքսազերծման համար 6 տեղ կա, մեկը չէ, Միսակյանը նշեց. «Երբ որ մեքենան ներմուծվում է՝ սահմանային անցակետում ուղեգիր է գրվում, թե որտեղ պետք է մեքենան տանեն մաքսազերծեն: Մեծ մասի համար նշվում է Արարատյան մաքսատունը, որտեղ, ով մեկ անգամ եղել է՝ տեսել է, թե ինչքան անհարմար է մեքենան տանել մաքսազերծման: Այն գտնվում է բնակելի տների մեջ: Մաքսատուն մտնելն ու դուրս գալը բավական դժվար է: Կա նաև մեկ այլ խնդիր:
ՊԵԿ-ն ավելորդ փաստաթղթեր է պահանջում ավտոմեքենա ներկրողներից: Ապշել կարելի է: Ի՞նչ է նշանակում՝ ցույց տալ տեսանյութ, թե ինչպե՞ս ես դու ճապոնական կամ ամերիկյան աճուրդից մեքենա գնել: Մարդիկ ցայտնոտի մեջ էին հայտնվել, մինչև պարզվեց, թե ինչ տեսանյութի մասին է խոսքը: Վերցնում ես հեռախոսը, նստում համակարգչի դիմաց ու նկարում այն էջը, որտեղ երևում է ձեռք բերված մեքենան, ու ցույց ես տալիս մաքսավորին: Սա որոշակի առումով ծիծաղելի է:
Չեմ պատկերացնում ժամանակակից աշխարհում երկիր, որ ներմուծողներից նման ձևով պահանջի ինվոյսները: Դրանք պետք է պարզապես կնքված լինեն: Մի քանի հոգու պատճառով ամբողջ հասարակության նկատմամբ անվստահություն ունենալը ոչ մի լավ տեղ չի տանի»:
Արթուր Միսակյանը խոսեց նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ առաջարկելով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար, հետևելով մի շարք երկրների օրինակին, Երևանում ստեղծել անվճար լիցքավորման կայաններ, երեք տարով գույքահարկից ազատել նման տրանսպորտային միջոցներ վարողներին:
Անի Կարապետյան