Տնտեսությունը ռեցեսիայո՞ւմ է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում դրա մասին
Նախքան բուն հոդվածին անցնելը, վստահ ենք, որ ընթերցողին հետաքրքրեց, թե ի՞նչ է ռեցեսիան, ուստի առաջարկում ենք կարճ անդրադառնալ տերմինի բովանդակությանը, ապա անցնել բուն ասելիքին: Այսպես՝ ռեցեսիա է համարվում 2 եռամսյակ անընդմեջ բացասական տնտեսական աճը, ինչը չափվում է համախառն արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային աճի ցուցանիշով։ Այս չափանիշն է կիրառվում ԵՄ երկրներում: Առավել պարզ ասած՝ ռեցեսիան տնտեսության անկումն է, որը կրում է տևական բնույթ:
Ցանկացած երկրի կայուն զարգացում ապահովելու համար կարևոր է նախ և առաջ ունենալ այդ երկրի տնտեսության ընթացիկ վիճակը ճշգրիտ բնութագրող ցուցանիշներ և վերլուծություններ: Ընդ որում, այն կարևոր է միաժամանակ՝ ինչպես պետության և իշխանության համար, այնպես էլ՝ մասնավոր հատվածի և, հատկապես, ներդրողների համար: Պետական հատվածի, այսինքն՝ կառավարության և գործող իշխանության համար դա կարևորվում է արված աշխատանքների արդյունավետությունը գնահատելու և դրա հիման վրա նոր ծրագրեր և տնտեսական քաղաքականություն մշակելու համար: Հենց այսօրինակ վերլուծությունն է, որ ցույց է տալիս ոչ միայն տնտեսության արդի վիճակը, այլև առկա մարտահրավերները, որոնց ուղղությամբ անհրաժշտ է անհապաղ քայլեր և միջոցառումներ ձեռնարկել:
Մասնավոր հատվածի, այսինքն՝ բիզնեսի և ներդրողի տեսանկյունից ցուցանիշներին և վերլուծություններին տիրապետելը ևս կարևոր է հետագա քայլերը մշակելու համար, քանի որ հենց այդ ցուցանիշների հիման վրա է ներդրողը որոշում, թե ո՞ր երկրում, ո՞ր ոլորտում և ի՞նչ ժամանակահատվածի համար է պետք ներդրում կատարել, արտադրություն հիմնել, և այլն:
Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս վերլուծել տնտեսությունը, ինչպե՞ս ճիշտ գնահատել վարված քաղաքականության ազդեցությունը և ինչպե՞ս որոշել այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է տարվի տնտեսական քաղաքականությունը:
Այդ հարցերին պատասխանելու համար պետք է իրականացնել տնտեսության ախտորոշում` դիագնոստիկա, որը ցույց կտա տնտեսության «առողջական վիճակը»: Վերջինիս իրականացման համար կարելի է բազմաթիվ մեթոդներ ու մոդելներ աշխատեցնել, սակայն, ինչպես գրեթե միշտ, ամենալավ արդյունքը տալիս են ամենապարզագույն լուծումներն ու գաղափարները:
Խոսելով տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշի մասին, իհարկե, առաջին հերթին՝ բոլորիս մտքով անցնում է Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը (ՀՆԱ): Տնտեսագիտական մասնագիտություն և մտածելակերպ ունեցողների մոտ այն ասոցիացվում է Իրական ՀՆԱ-ի հետ (այսինքն՝ ՀՆԱ-ի ցուցանիշը գնաճով ճշգրտված):
Հանրային ու մասնագիտական քննարկումներում, քաղաքական դեբատներում այս ցուցանիշի վերաբերյալ քննարկումները, թերևս, սահմանափակվել են այսքանով: ՀՆԱ-ի բարձր ցուցանիշի դեպքում իշխանությունները հպարտացել ու «գլուխ են գովացել» փայլուն արդյունքի համար, իսկ ցուցանիշի ցածր լինելու պարագայում էլ ընդդիմությունն է բարձր հռետորաբանությամբ քննադատել կառավարությանը` վատ արդյունքների համար: Սակայն իրականում ճիշտ եզրակացություն և դրանից բխող ոչ միայն հռետորաբանության, այլև քաղաքական քայլերի համար առավել կարևոր է ոչ թե՝ պարզ ցուցանիշը, այլ՝ դրա մշակված տարբերակը, որն իր էությամբ առավել պրոֆեսիոնալ մոտեցումներ է պահանջում և շատ ավելի լավ է բնութագրում տնտեսության վիճակը:
Այդօրինակ ցուցանիշները լայնորեն կիրառվում են զարգացած երկրներում՝ ԱՄՆ, եվրոպական երկրներ, սակայն գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ հայկական իրականության մեջ ոչ գիտական, ոչ քաղաքական, և ոչ էլ փորձագիտական մակարդակներում չենք հանդիպել նման վերլուծության: Եվ միայն վերջերս այս թեմայով հրապարակվեց մի հոդված, որում վերլուծվեց ՀՆԱ-ի սեզոնային հարթեցված ցուցանիշը՝ ըստ եռամսյակների:
Ինչո՞ւմ է կայանում այս ցուցանիշի առանձնահատկությունը: Նրանում, որ այն իր բովանդակությամբ առավել մաքուր և զտված ցուցանիշ է և իր մեջ չի պարունակում «կեղծ աճի» կոմպոնենտներ, որոնք կարող են առաջանալ սեզոնայնության փոփոխություններով: Միաժամանակ, եռամյակային այդ ցուցանիշը տարեկանի համեմատ ավելի օպերատիվ է այն իմաստով, որ արտացոլում է միայն տվյալ եռամսյակի զարգացումները և իր վրա չի կրում նախորդ եռամսյակի ազդեցությունը:
Եթե նախորդ գծապատկերում մենք ներկայացրել էինք իրական ՀՆԱ-ի աճը և ականատես եղել, որ այն 9.6 տոկոսից աստիճանաբար նվազում է մինչև 2.7 տոկոս, իսկ միջին ցուցանիշի վեկտորն աճի միտում ունի, ապա արդեն սեզոնայնորեն հարթեցված 2-րդ գրաֆիկում ականատես ենք լինում եռամսյակային ՀՆԱ-ի իրական պատկերին, այն է՝ 2018 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև արձանագրվել է բացասական ցուցանիշ և տնտեսության գահավիժում, ինչի արդյունքում միջին ցուցանիշի վեկտորն ուղղվել է դեպի ներքև՝ աճի ժամանակահատվածից տնտեսությունը տեղափոխելով անկման ժամանակաշրջան: Եթե այսօրինակ պատկեր գրանցվեր ԵՄ-ում, ապա տնտեսագետներն առանց վայրկյան անգամ կասկածելու՝ այն կանվանեին՝ ռեցեսիա (թե ինչ է ռեցեսիան՝ մենք պարզաբանել ենք հոդվածի բնաբանում): Ստացվում է, որ 2018 թվականին մենք ոչ թե ունեցել ենք տնտեսական աճ, այլ տնտեսության մեջ եղել է ռեցեսիա, որի մասին, սակայն, ոչ ոք չի խոսում:
Հենց սա է այն ցուցանիշը, որով մարդիկ մտածում են, երբ խոսում են աշխարհում տնտեսական աճի մասին (օրինակ՝ ԱՄՆ-ում և ԵՄ-ում)։ Ավելի պրոֆեսիոնալ մասնագետները սրա հիման վրա հաշվարկում են նաև ՀՆԱ-ի ճեղքը (որին կարելի է ծանոթանալ նշված հրապարակման մեջ), այն արդեն զուտ մասնագիտական ցուցանիշ է, որով «մտածում են» մակրոտնտեսական քաղաքականություն մշակողները, և որն ուղենիշ է տնտեսական քաղաքականության համար:
Եվ որպես ամփոփում՝ պետք է նշենք, որ այս իրականացված վերլուծությունն անցյալի օբյեկտիվ արտացոլումն է, սակայն մեզ այս անցյալը պետք է հետաքրքրի միայն ավելի լավ ապագա կառուցելու համար, իսկ այդ լավ ապագայի համար պետք է պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնել, հստակ գնահատել և հասկանալ տնտեսության զարգացումները և դրա հիման վրա մշակել այնպիսի քաղաքականություն, որն անկման վեկտորը կշրջի դեպի զարգացում: Հուսանք, որ այս վերլուծությունն իր նպաստը կունենա այդ գործում:
Հայկ Բեջանյան