
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել: 2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:
Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
«Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:
Ռաֆայել Ջրբաշյանն իր առանձնահատուկ հետքն է թողել հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում: