ՊԵԿ-ը սկսել է կասկածել անխտիր բոլորին. Ո՞ւր մնաց գործարքի գնի մեթոդը
Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան ակտիվորեն ավելանում է։ Դրան զուգահեռ՝ ավելանում են նաև ներմուծման հետ կապված խնդիրները։ Պետեկամուտների կոմիտեն մեղադրում է ավտոներկրողներին` պետությանը խաբելու և հարկերը թաքցնելու, ավտոներկրողները` կոմիտեին՝ իրենց գործունեությանը խոչընդոտելու և հարկային բեռն ավելացնելու համար։
Հարցը հասել է Նիկոլ Փաշինյանին, ով չնայած այնքան էլ գլուխ չի հանում տնտեսական հարցերից, այնուհանդերձ ստանձնել է տնտեսական արբիտրի դերը։ Ինչպիսի՞ն կլինի վարչապետի դիրքորոշումը, շուտով հավանաբար կիմանանք։ Մինչ այդ փորձենք հասկանալ, թե որո՞նք են դժգոհությունների պատճառները։
Անցած տարի ռեկորդային քանակությամբ տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան։ Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը հասնում է 65 հազարի։ Այն առնվազն 20 հազարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Թե ինչո՞վ է պայմանավորված տրանսպորտային միջոցների ներկրման նման բարձր ակտիվությունը, առավել ևս՝ տնտեսական ու քաղաքական այն բազմաթիվ անորոշությունների պայմաններում, որոնց մեջ անցած տարի գտնվում էր Հայաստանը, դեռ հստակեցման կարիք ունի։ Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ դրա վրա որոշակի ազդեցություն են ունեցել առաջիկա սպասումները։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից դադարելու է գործել երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներկրման ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին տրված արտոնյալ մաքսային ռեժիմը։ Մի բան, ինչը հանգեցնելու է մաքսազերծման գների զգալի բարձրացման։ Դրանից խուսափելու համար մարդիկ փորձում են մինչ այդ մեքենա ներկրել` եթե նույնիսկ դրա պահանջարկը չունեն։ Թերևս սա էլ, ըստ ամենայնի, հանգեցրել է տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման։
Ենթադրվում է, որ այդ միտումը կշարունակվի նաև այս տարվա ընթացքում։ Ուստի դրանից փորձում է օգտվել Պետեկամուտների կոմիտեն` բյուջեի մուտքերի ապահովման հետ կապված առկա խնդիրները մեղմելու նպատակով։
Վերջին ամիսներին հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան այնքան էլ գոհացուցիչ չէ։ Պետեկամուտների կոմիտեն առայժմ խուսափում է հրապարակել տարեկան ցուցանիշները։ Այնուհանդերձ սպասվում է բյուջեի մուտքերի թերակատարում։ Հասկանալի է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել` հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին արձանագրվող տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղումը։
Հունվարի 1-ից Պետեկամուտների կոմիտեն նորամուծություն է արել ավտոմեքենաների ներկրման մաքսազերծման ոլորտում։ Ինչպես ՊԵԿ նախագահն է ասում, ներմուծվել է նոր գործիք, որն ավտոմեքենաներ ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը. «Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ։
Ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին: Եթե ինվոյսն էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը, և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է՝ ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»։
Թվում է, թե ամեն ինչ արված է հօգուտ ներմուծողների։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։ Այս նորամուծության մեջ բավական վտանգավոր միտումներ կան թաքնված, որոնք կարող են լուրջ կոռուպցիոն ռիսկեր առաջացնել` չհաշված այն խնդիրները, որ տարիներ շարունակ կային հսկիչ գների կիրառման հետ կապված։
Պատահական չեն նաև ավտոներկրողների դժգոհությունները. նրանք բողոքում են՝ ինչպես մաքսազերծման պայմաններից, այնպես էլ՝ գներից։
Երբ Պետեկամուտների կոմիտեի նախագահը խոսում է սահմանված կողմնորոշիչ գների և ներկայացված ինվոյսների «էական շեղումների» մասին, հարց է առաջանում, իսկ ո՞վ է որոշելու` շեղումն էակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե դա պիտի անի մաքսային տեսուչը, ինչը այլ կերպ չի էլ կարող լինել, ապա դժվար չէ պատկերացնել, թե կարճ ժամանակ անց ինչպիսի իրավիճակի առջև ենք հայտնվելու։
Ընդհանրապես անընդունելի է ներմուծման ինվոյսները կողմնորոշիչ գներին համապատասխանեցնելու պահանջը։ Եթե մինչև իշխանափոխություն խնդրահարույց էին համարվում միայն որոշ երկրներից իրականացվող ներմուծումների ժամանակ տրվող հաշիվ-ապրանքագրերը, մի բան, ինչը հասկանալի էր, ապա այժմ ՊԵԿ-ը սկսում է անխտիր կասկածել բոլորին։
Սա շատ վտանգավոր պրակտիկա է, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եթե, ասենք` Միացյալ Նահանգներից կամ եվրոպական որևէ երկրից ներմուծված տրանսպորտային միջոցի ինվոյսը չի համապատասխանում Պետեկամուտների կոմիտեի սահմանած կողմնորոշիչ գներին, ապա ի՞նչ, ստացվում է, որ այդ երկրների մաքսային մարմինները կեղծե՞լ են ինվոյսները, և դրանք չե՞ն կարող հիմք հանդիսանալ մաքսազերծման ժամանակ։ Կամ, եթե ինվոյսային արժեքը բարձր է կողմնորոշիչ գնից, ապա ո՞րն է հիմք ընդունվելու` կողմնորոշիչը գի՞նը, թե՞ ինվոյսային արժեքը։
Որ մաքսազերծման ոլորտում իսկապես կա կեղծ ինվոյսների հետ կապված խնդիր, փաստ է, և դա որևէ մեկը չի կարող հերքել։ Սակայն այդ երևույթի դեմն առնելու համար չենք կարող անխտիր կասկածի ենթարկել բոլոր երկրներից ստացված ինվոյսները։ Դա նշանակում է՝ մտնել մի պրոցեսի մեջ, որը խճճելու է ամեն ինչ։
Փոխարենը՝ մտածել հսկիչ գներից աստիճանաբար հրաժարվելու մասին, ընդհակառակը` մի բան էլ այն ընդլայնվում է։ Մինչդեռ իշխանափոխությունից հետո մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում դադարեցվում է կողմնորոշիչ գների արատավոր պրակտիկան, որի հետ կապված դժգոհությունների պակաս երբեք էլ չի եղել։
Երևույթը ժամանակին քիչ չի քննադատել նաև Նիկոլ Փաշինյանը, ով այժմ դադարել է խոսել դրա կիրառման մասին։ Ավելին, կողմնորոշիչ գներն այսօր այլևս անհրաժեշտություն են համարվում, և ՊԵԿ-ը մտադիր չէ հրաժարվել այդ պրակտիկայից։
Մինչդեռ հսկիչ գները ներմուծողներին ամենից ավելի մտահոգող երևույթից է։ Այն դարձել է Հայաստանում անհավասար մրցակցային միջավայրի և մենաշնորհների ձևավորման հիմնական պատճառներից մեկը։ Ու հիմա անհասկանալի է, երբ փորձ է արվում վերականգնել նախկին պրակտիկան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ