Ներդրումային քաղաքականության վերջին կանգառը
Ցանկացած երկրի տնտեսության համար կարևորագույն հարցերից մեկը, անկասկած, ներդրումներն են, քանի որ հենց դրանք են ապահովում տնտեսության զարգացումն ու տնտեսական աճը՝ հնարավորություն ստեղծելով տնտեսական առաջընթացի համար: Հենց սրանով է պայմանավորված այս հարցի վերաբերյալ թե՛ կառավարության, և թե՛ հասարակության տարբեր շերտերի մշտական հետաքրքրությունը:
Բազմաթիվ են նաև քննարկումներն օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների և իրականացվող քաղաքականության վերաբերյալ, սակայն, որքան էլ խոսենք կամ քննարկենք, միևնույն է՝ ամենակարևորը վիճակագրությունն է, արձանագրված փաստացի ցուցանիշները, որոնք, ի տարբերություն տարատեսակ կարծիքների, առավել քան ճշգրիտ ներկայացնում են իրավիճակը:
Վերջին ամիսներին այս հարցի նկատմամբ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծացել՝ հաշվի առնելով ամիսներ առաջ ստեղծված դճվարին իրավիճակը, երբ 2018 թվականի 2-րդ եռամսյակի արդյունքներով ունեինք օտարերկրյա ուղղակի ներդրումների շուրջ 10 անգամ կրճատում, ինչը մտահոգությունների լուրջ առիթ էր, որին մենք անդրադարձել էինք հոկտեմբեր ամսին հրապարակված վերլուծականում:
Արդեն այսօր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվել են Հայաստանի վճարային հաշվեկշռի 3-րդ եռամսյակի տվյալները, որտեղ արտացոլված են նաև օտարերկյա ուղղակի ներդրումների ցուցանիշները: Համաձայն հրապարակված տվյալների, 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 77.7 մլն դոլար, որից զուտ պարտավորությունների ստանձնումը (ֆինանսների ներհոսքը) կազմել է 75.5 մլն դոլար, իսկ զուտ ֆինանսական ակտիվների ձեռքբերումը՝ -2.2 մլն դոլար:
Ինչպես երևում է ստորև ներկայացված գծապատկերում, նախորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո 3-րդ եռամսյակում ցուցանիշն արձանագրել է դրական տենդենց:
Եթե ցուցանիշը դիտարկենք համեմատական կտրվածքով, ապա պետք է նշենք, որ այն թեև շուրջ 5 անգամ ավելին է նախորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշից, սակայն ավելի քան 25 տոկոսով պակաս է 1-ին եռամսյակի արդյունքներից: Ինչ վերաբերում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արված համեմատականին, ապա փաստացի պատկերը հետևյալն է.
2018 թվականին արձանագրված ցուցանիշը շուրջ 25 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը, սակայն շուրջ 40 մլն դոլարով պակաս է 2016թ. ցուցանիշից:
Ամփոփելով հրապարակված տվյալները՝ պետք է արձանագրեինք դրական միտումները և հույս հայտնեինք, որ այն կպահպանվի նաև 2018թ. 4-րդ եռամսյակում, սակայն դրական այդ գնահատականին խանգարում է մի բայց, որը վերաբերում է իշխանությունների վարած քաղաքականությանը:
Բանն այն է, որ 2018-ի 3-րդ եռամսյակում հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչներն ամենաբուռն կերպով առաջ էին մղում այն թեզը, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված քաղաքական իրավիճակը խանգարում է դրան: Սակայն արդեն այսօր հետհայացք նետելով՝ կարող ենք փաստել, որ այդ հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան օպերատիվ տվյալներին և իրավիճակին չտիրապետելու արդյունք: Բնական է, որ հրապարակված վերջին տվյալներն իշխանությունը կներկայացնի՝ որպես գերազանց աշխատանքի արդյունք, ինչը, բնականաբար, հեռու է իրականություն լինելուց:
Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից, հակառակ դեպքում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից չէինք լսի այդօրինակ հայտարարություններ: Ներդրումային այս ցուցանիշը ևս իներցիոն է, այնպես, ինչպես հենց իշխանությունը բնութագրեց 2019թ. պետական բյուջեն:
Այս անտեղյակությունն ու իրավիճակին չտիրապետելը ոչ այլ ինչ է, քան իշխանության ներդրումային քաղաքականության վերջին կանգառը, և հուսանք, որ գոնե արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը վերջին կանգառում ճամպրուկի վրա մտահոգ նստելու փոխարեն՝ կփոխի գնացքը, և ստիպված չենք լինի հույսը դնել, որ իներցիոն շարժումը դրական ուղղությամբ կլինի:
Հայկ Բեջանյան