Վստահ ենք, որ համախմբված մոտեցումներով կկարողանանք իրական փոփոխությունների հասնել. Էդմոն Մարուքյան

ՀՀ նորընտիր Խորհրդարանում երրորդ քաղաքական ուժը հանդիսացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է իր առաջին այցը սկսել Արցախից:

Վստահ ենք, որ համախմբված մոտեցումներով կկարողանանք իրական փոփոխությունների հասնել. Էդմոն Մարուքյան

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ այցի նպատակն է իրենց քաղաքական մոտեցումները ներկայացնել Արցախի իշխանություններին:

«Բացի Արցախի նախագահի հետ հանդիպումից, այցի ընթացքում կհանդիպենք նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների և այլ պետական կառույցների հետ: Մենք նպատակ ունենք լսել նաև Արցախում ապրող մարդկանց տեսակետները: Վստահ ենք, որ համախմբված մոտեցումներ ներկայացնելու արդյունքում կկարողանանք իրապես հասնել փոփոխությունների, և մեր համազգային առաքելությունն իրականացնել պատշաճ մակարդակով: Կարևոր ենք համարում այն, որ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովներում հնչեցնենք մեր համընդհանուր մոտեցումները:

Պետք է Արցախի իշխանությունների հետ մշտապես կապ պահենք և առկա բոլոր մտահոգությունների մասին անընդհատ բարձրաձայնենք նշված ատյաններում»,- ասել է Է. Մարուքյանը:

Իսկ ԼՀ կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը, անդրադառնալով այցին, նշեց, որ Արցախն իր կարգավիճակով ու նշանակությամբ բոլոր տեսակի քննարկումներից պետք է առաջնահերթ լինի:

«Մեր այցի ընթացքում այցելելով զորամասեր և ունենալով պաշտոնական այլ հանդիպումներ՝ հավաստելու ենք, որ մեր կուսակցությունն իր կոչումով պատրաստ է և ի վիճակի է պաշտպանելու ԱՀ շահերը տարբեր հարթակներում: Մենք ուզում ենք, որ Արցախում ապրող ժողովուրդը այդ մասին իմանա և պատրաստ ենք միասնական աշխատելու»,-նշել է Մ. Թանդիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս