«Երեխայի մեջ ոչինչ չփոխելու համար կա 4 կանոն». Խորհրդային մանկավարժ Սիմոն Սոլովեյչիկ

Ներքին համոզմունքներով ամրագրված ազնվությունը, բարությունը, ազատությունն ու բարոյական արժեքները մարդու դաստիարակության գլխավոր սկզբունքներն են։

Դժվար է հավատալ, բայց դաստիարակության այդպիսի մեթոդ գոյություն ուներ դեռևս Խորհրդային Միությունում։ Հենց այդ մեթոդն էր պրոպագանդում մանկավարժ Սիմոն Սոլովեյչիկը, որը, ի դեպ, խորհրդային իրականության մեջ առանձնապես չէր խրախուսվում։

Խորհրդային մանկավարժություն։

Ս.Սոլովեյչիկի մանկության տարիները համընկել են պատերազմի ու տարհանման հետ։ Հետո աշխատել է՝ որպես ջոկատավար, ապա՝ ուսուցիչ։ Երիտասարդ ուսուցչին չէին գոհացնում այն սկզբունքները, որոնց վրա հիմնված էր այն ժամանակվա կրթական համակարգը։ Կոլեկտիվիզմի, ընկերայնության, հաստատակամության խիստ, գրեթե բռնի ներշնչումը ու սեփական զգացմունքների գրեթե իսպառ անտեսումը ոչ մի կերպ չէին համընկնում այն գաղափարների հետ, որոնց կրողն էր Սոլովեյչիկը։

Կարդացեք նաև

«Սերն ու խիղճը բարոյական մթնոլորտի թթվածինն են, որի մեջ մեզնից յուրաքանչյուրը խորասուզվում է առաջին շնչի ու առաջին ճիչի հետ։ Ոչ բոլորս ենք հավատում սիրո ու խղճի ուժին, կասկածում ենք անգամ նրանց գոյությանը, բայց դրանց յուրաքանչյուր թուլացում կյանքն անտանելի է դարձնում մեզնից յուրաքանչյուրի ու բոլորի համար»,- գրում էր Սիմոն Սոլովեյչիկն իր «Մանկավարժություն բոլորի համար» գրքում։

Երբ կարդում ես դաստիարակության նրա սկզբունքների մասին, թվում է, թե խոսքը սկանդինավյան ինչ-որ կրթական համակարգի մասին է, սակայն դաստիարակության այսպիսի զարմանալի սկզբունքներն առաջարկվել են դեռևս խորհրդային մանկավարժ Սոլովեյչիկի կողմից։

Ազատություն

Ներքին ազատությունը Սոլովեյչիկի աշխատություններում զարգացման հիմքն է ու անկյունաքարային հասկացությունը։ Նրա խոսքերով՝ չի կարելի ազատության սովորեցնել, այն կարելի է սոսկ մարդու մեջ դաստիարակել։ Ազատությունը ոչ մի կերպ չի նշանակում՝ կարգապահության բացակայություն ու քաոս։

Ազատությունը դպրոցում սահմաններից դուրս երեխայի մտածողության թանկագին իրավունքն է, հարցեր տալու, ինքն իրեն անհատականություն զգալու իրավունքը։

Եվ դա կարող է սովորեցնել միայն ներքուստ ազատ ուսուցիչը։ Սոլովեյչիկը գրում էր, որ երեխաներն իրենք են ձգտում դեպի ազատ մարդիկ, վստահում են նրանց, հիանում նրանցով, շնորհակալ լինում նրանց։

Երեխայի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, հովանավորչությունը, նրան բզբզելը կամ ստորացնելը երեխայի հետաքրքրությունների կործանման ճանապարհն են, իսկ անգիր անելն ու ձանձրալի դասանյութը երեխայի մոտ վերացնում են սովորելու նկատմամբ ցանկացած հետաքրքրություն։

Խնդիրները, որը դպրոցը հանձնարարում է երեխային, պետք է բարդ, բայց միևնույն ժամանակ՝ ոգեշնչող լինի։ Երեխան պիտի զգա, որ ինքն իսկապես զարգանում է, և մինչև կոկորդը դասերով ու խմբակներով ծանրաբեռնված լինելը բոլորովին էլ դրա ցուցիչը չէ։

Մեծերի ու փոքրերի միջև հարաբերությունները։

Ինչպես բացատրում է Սոլովեյչիկը, փոքր երեխան կարիք ունի ոչ միայն իր ցանկությունների լիակատար ճանաչման ու կատարման, այլև ակնհայտ հաստատ հավատի, որ իր շուրջը եղած աշխարհը հիմնականում բարի ու արդար է։ Այսպիսի իդեալիզմը երեխաների համար յուրատեսակ պաշտպանություն է, առանց որի փոքր մարդուկի համար սարսափելի կլինի ապրելն ու մեծանալը։

Սակայն երեխան հասունանում է, ու նրան անհհրաժեշտ է իմանալ նաև կյանքի մյուս կողմերի մասին։ Աշխարհն այնքան էլ հեքիաթային ու կատարյալ չէ, և ծնողը երբեմն պետք է ընդունի այդ փաստը։ Ուսուցիչը դպրոցում անարդա՞ր է եղել։ Դե ոչինչ, պատահում է։ Խղճա երեխային, օգնիր ընդունել դժվարություններն ու լավ ապագայի հույս ունենալ։ Նա անպայման կհաղթահարի բոլոր բարդությունները. Չէ՞ որ նա քեզ ունի իր կողքին։

Ինքնուրույնությունը՝ որպես դաստիարակության նպատակ։

Սոլովեյչիկի դաստիարակության ևս մեկ առանձնահատկություն է փոքր մարդուն հասուն կյանքին պատրաստելը։ Դրա մասին անդադար խոսում են ժամանակակից հոգեթերապևտները ու ազատամիտ մանկավարժները, և որի մասին այնքան վաղուց իր աշխատություններում գրել է Սոլովեյչիկը։

«Մեզ մոտ ծնված անօգնական երեխային մենք պետք է մեծացնենք ու ոտքի կանգնեցնենք, որպեսզի նա բավականին առողջ, զարգացած ու կիրթ լինի, հոգով ամուր, որպեսզի մարդկանցից կախում չունենա»,- ասում էր ականավոր մանկավարժը։

Ծնողները պետք է հասկանան, որ երեխաներն իրենց միշտ չէ, որ իդեալական կպահեն, բայց նրանք պարտավոր էլ չեն միշտ կատարյալ վարքագիծ ունենալ։ Անխուսափելի են անբավարար գնահատականները, կապտուկներն ու բակի տատիկների փնթփնթոցը։

«Սեփական դառը փորձը հաշվի առնելով՝ ես միշտ բոլորին ասում եմ՝ մի ամաչեք ձեր երեխաներից օտարների ներկայությամբ, նորմալ երեխաներն օտար մարդկանց ներկայությամբ իրենց ավելի վատ են պահում, քան սովորաբար. Այդպես նրանք օտարների հետ կոնտակտի մեջ են մտնում։ Դա լավ է, վատ չէ։ Մի ամաչեք»,- ասում է խորհրդային մանկավարժը։

Գլխավոր արժեքը զարգանալու ունակությունն է։

«Բակում շների հետևից ընկնելը նույնպես զարգացում է»,- կատակում է Սոլովեյչիկը։ Երեխան պետք է զարգանա թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Եվ հաճախ այդ զարգացումն ուղեկցվում է աղմուկով, վազքով ու ճիչերով, որոնք այնքան տանել չեն կարողանում նրանց ծնողները։ Բայց չի կարելի երեխային ճնշել միայն այն պատճառով, որ նա ձեզ անհարմարավետություն է պատճառում։

Եվ, ի դեպ, հնարավոր ու անհնարին խմբակներն ու սեկցիաները, որոնք իբրև թե նախատեսված են երեխայի զարգացման համար, միշտ չէ, որ այդպիսին էլ կան։ Ծնողը հավանաբար չգիտի, որ իր երեխային տալով, օրինակ, լողի, կօգնի՞ երեխային զարգանալ, թե՞ երեխան իրեն ճնշված կզգա ու կկորցնի ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը։ Ծնողը պետք է ուշադիր հետևող, զննող, օգնական ու ընկեր լինի։

Շուրջը եղած ամեն ինչի նկատմամբ անսահման հետաքրքրությունը երեխայի ներքին կենսունակության գլխավոր ցուցիչն է, և այն շատ ավելի կարևոր է, քան դպրոցի գնահատականներն ու օրինակելի վարքը։

Սիմոն Սոլովեյչիկի «Մանկավարժություն բոլորի համար» գիրքը խորհուրդ է տրվում կարդալ բոլոր պատասխանատու ծնողներին, քանզի այն գրված է բարի ու զգայուն, մանկավարժության աստվածային շնորհ ունեցող մարդու կողմից։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս