
ԱՄՆ-ում ռեստորանի այցելուն խոշոր մարգարիտ է գտել կերակրի մեջ

Նյու Յորքի Grand Central Oyster Bar ոստրեի բարի այցելուն խոշոր մարգարտահատ է հայտնաբերել իր կերակրի մեջ: Այդ մասին գրել է New York Post թերթը:
Ռիք Անթոշը, որը ճաշի համար պատվիրել էր ոստրեների Blue Point կերակրատեսակը, այնտեղ սիսեռահատի չափ մարգարիտ է գտել, որն սկզբում ընկած ատամի տեղ է դրել: Ռեստորանի ավագ խոհարար Սենդի Ինգբերգի խոսքով՝ այդ գտածոն կարելի է բացառիկ երեւույթ համարել:
«Ես 28 տարի է աշխատում եմ այստեղ: Սա երկրորդ նման դեպքն է իմ հիշողության մեջ, իսկ մենք օրական ավելի քան հինգ հազար ոստրե ենք վաճառում խեցու կեսով»,- պատմել է նա:
Մասնագետի գնահատմամբ՝ մարգարտի արժեքը երկուսից մինչեւ չորս հազար դոլար է: Ռիք Անթոշը դեռ չի որոշել, թե ինչ է անելու մարգարիտը, բայց կրկին պատրաստվում է փորձել բախտը: «Ես անպայման կվերադառնամ եւ կաշխատեմ եւս մի քանի մարգարիտ գտնել: Երբեք չգիտես, թե որտեղ կբերի բախտդ»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: