Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Երեւան քաղաքի տարածքի 4-5 տոկոսը կազմում են 21 մեծ ու փոքր գերեզմանոցները։ Դրանք տարիների ընթացքում ընդլայնվում են՝ զբաղեցնելով այնպիսի տարածքներ, որոնք նախատեսված չեն այդ նպատակի համար։ Համեմատության համար ասենք, որ Միացյալ Նահանգներում գերեզմանոցները կազմում են քաղաքային տարածքի մոտ 2 տոկոսը։ Երեւանի գերեզմանոցներից բաց է միայն չորսը, բայց իրականում փակ համարվող գերեզմանոցներում էլ թաղումներ են կատարվում, անգամ տարածք է ընդլայնվում։ Խնդրի շուրջ ժամանակ առ ժամանակ բուռն քննարկումներ են ծավալվում, բայց այդպես էլ համակարգային լուծման մեխանիզմներ դեռ չեն գտնվել։
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Սմբատ Հակոբյանը հինգ տարի շարունակ ուսումնասիրում է հարցը եւ իր հետազոտությունների հիման վրա առաջարկում է խնդրի լուծման չորս տարբերակ։ Առաջինը դիակիզման (կրեմացիա) պրակտիկայի ներդրումն է, որի արդյունքում հնարավոր կլինի բավականին փոքր տարածքում թաղել հանգուցյալի ոչ թե մարմինը, այլ մոխիրը, կամ՝ աճյունասափորով տեղադրել համապատասխան վայրում, ինչպես օրինակ՝ այդ նպատակով կառուցված դամբարաններում եւ այլն։ Ի դեպ, դեռեւս 2006 թվականին ընդունվեց «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, որտեղ ամրագրվեց դիակիզարաններ ունենելու հնարավորությունը, սակայն առայսօր դրանք գոյություն չունեն։
«Այս տարբերակը էկոլոգիապես ավելի մաքուր եւ տնտեսապես ավելի ձեռնտու է մարդուն, սակայն այդ հարցին բացասական վերաբերմունք ունի եկեղեցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սմբատ Հակոբյանը։ Թեեւ նա հստակ վիճակագրություն չունի, բայց հավաքած նյութերի հիման վրա փաստեց, որ մարդկանց մի ստվար հատված, այնուամենայնիվ, կողմ է կրեմացիային եւ համաձայն է, որ հասունացել է դիակիզարաններ ունենալու պահը։ Հայաստանում դիակիզման երկու դեպք է եղել՝ «Արորդաց ուխտ» կազմակերպությունից քրմապետ Սլակ Կակոսյանը եւ քուրմ Արան։ Աշխարհում այս տարբերակը գնալով ավելի մեծ տարածում է ստանում։
Երկրորդ տարբերակը՝ թաղման ձեւի մեջ փոփոխություններ մտցնելն է։ Ս.Հակոբյանի խոսքով,որոշվայրերումկականգնածդիրքովթաղելուպրակտիկան,թեեւայստարբերակնայնքանէլտարածվածչէ։ Պատճառը տեխնիկական է, քանի որ այդ դեպքում շատ ավելի խորը պետք է փորեն։ Թաղման ձեւի տարածված տարբերակ է իրար վրա թաղում կատարելը, երբ նույն վայրում ընտանիքի անդամներին են թաղում։ «Այս դեպքում էլի պիտի շատ փորեն, քանի որ մեկուկես մետր է պահանջվում մեկ հոգու համար։ Ավելի հարմար է դամբարանների կառուցումը, որտեղ էլի իրար վրա են թաղում, բայց հարկերով, արդյունքում՝ շատ է տեղավորվում։ Վերգետնյայից բացի՝ լինում են նաեւ ստորգետնյա դամբարաններ»,- մանրամասնեց զրուցակիցս։
Լուծման երրորդ տարբերակը կապված է տարածքի տրամադրման հետ։ Ներկայումս մարդիկ գերեզմանոցում հողակտոր են գնում, սեփականաշնորհում եւ պարսպապատում, որտեղ կազմակերպում են սովորաբար երեք թաղում։ Այդ տարածքը չի փոխարինվում, կամ շատ հազվադեպ է փոխարինվում նոր գերեզմաններով, եթե անգամ չեն այցելում: Ի տարբերություն մեր երկրի՝ մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, տարածքը վարձակալվում է, որի ժամկետը լրանալուց հետո, եթե չի երկարացվում վարձակալությունը, ապա այդ հողակտորը տրամադրվում է մեկ ուրիշին։
Իհարկե, Հայաստանում նույնպես կան դեպքեր, երբ անխնամ, մոռացության մատնված գերեզմանների տեղում վերաթաղումներ են լինում։ Երբեմն դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի, եթե տարածքի սեփականատերը իմանում է այդ մասին։ Հակոբյանի համոզմամբ, նման դեպքերը պետք է կարգավորվեն օրենքի սահմաններում։
«Մշակութային առումով մենք՝ հայերս, մեր հանգուցյալներին բոլորովին այլ կերպ ենք վերաբերվում եւ եթե անգամ չենք այցելում, ասենք՝ երկրից բացակա լինելու պատճառով, ապա դիմում ենք մեր ազգականներին, ծանոթներին, որպեսզի այցելեն։ Նույնիսկ հատուկ կայք կա, որտեղ մարդիկ գերեզմանների խնամքի ծառայություններ կարող են պատվիրել»,- ասաց նա։
Հողակտորների տրամադրման հետ կապված զրուցակիցս անդրադարձավ մեկ այլ խնդրի եւս․չնայած 2.5-12 քառ. մետրը տրամադրվում է անվճար,սակայն մարդիկ հաճախ ստիպված են լինում գումար վճարել։
12 քմ-ից հետո է միայն վճար նախատեսված յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, բայց սահմանված չէ, թե որքան պետք է վճարեն։ Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, որը նույնպես օրենսդրական կարգավորման կարիք ունի։
Չորրորդ տարբերակը գերեզմանների համար ստանդարտ մտցնելն է, ինչպես դա արվել է Միացյալ Նահանգներում, որտեղ հիմնականում նույն չափի եւ ձեւի տապանաքար է դրվում։ Արեւմուտքում քիչ թե շատ ստանդարտները գործում են, բայց կան երկրներ իրենց մշակութային առանձնահատկություններից ելնելով, որ հակված են թանկ եւ շքեղ տարբերակներին։ Դրանց թվում ենք մենք, նաեւ հետխորհրդային տարածքի մյուս երկրները։ «90-ական թվականներից հետո, երբ ձեւավորվեցին ազատ շուկայական հարաբերություններ, գերեզմանները սկսեցին բավականին թանկ քարերից սարքել։
Մեզանից բացի՝ այլ երկրներում նույնպես հանգուցյալների համար ճոխ, շքեղ գերեզմաններ են սարքում։ Նույնիսկ ԱՄՆ-ում կան հին գերեզմանոցներ, որոնք շատ մեծ են եւ շքեղ»,- նկատեց Հակոբյանը։
Ազգագրագետը նախեւառաջ կարեւորում է խնդրի կարգավորման օրենսդրական կողմը՝ նպատակահարմար գտնելով համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ մտցնել, որը թույլ կտա չխնամվող, չօգտագործվող գերեզմանների տեղում նոր թաղումներ իրականացնել, ինչպես նաեւ կիրառել վարձակալության տարբերակը։ «Իհարկե խորհուրդ չէի տա հին գերեզմանոցները քանդել, բայց նորերի համար պետք է սահմանվեն նոր պայմաններ։ Թեեւ մեզ մոտ նման պրակտիկա չկա, բայց դամբարանների կառուցումը նույնպես լավ տարբերակ է, քանի որ կկարողանանք տարածքներ տնտեսել»,- շարունակեց զրուցակիցս։
Իր առաջարկները նա ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամներին եւ ակնկալում է, որ թեկուզ փոքր քայլերով, բայց պետք է հասնել խնդրի կարգավորմանը։
Եթե խնդիրը դիտարկենք համաշխարհային հարթության մեջ, ապա կտեսնենք, որ քաղաքային հողատարածքների «նվաճումը» գերեզմանոցների կողմից արդիական է ոչ միայն Հայաստանի դեպքում, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրների խոշոր քաղաքների համար։ Այսպես, Մոսկվայում կա 68 գերեզմանոց։ Դրանց մի մասը փակ է, մի մասը գործում է, սակայն տեղերը խիստ սահմանափակ են։ Նույն խնդիրն առկա է նաեւ Մինսկում, այդ պատճառով մայրաքաղաքում ավելանում է կրեմացիաների քանակը․նախորդ տարվա վիճակագրական տվյալների համաձայն այդ տարբերակին են դիմել մահացածների 45 տոկոսի դեպքում։
Դեռեւս 2013 թ. արված հետազոտության համաձայն՝ քսան տարի անց զբաղեցված կլինի նաեւ անգլիական գերեզմանոցների գրեթե կեսը։
Տարածքի հետ կապված նման ճգնաժամը ստիպում է եղածից բացի փնտրել այլ տարբերակներ եւս։ Նոր տարբերակ է մշակել շոտլանդացի գիտնական Սենդի Սելիվանը, որը առաջարկում է մարդու աճյունը ենթարկել քիմիական կրեմացիայի։ Այն հիշեցնում է աճյունի բնական քայքայման պրոցեսը, սակայն տասնյակ տարիների փոխարեն տեւում է 2.5-3 ժամ։ Այնուամենայնիվ, Անգլիայում այս տարբերակը դեռեւս օրենքով ամրագրված չէ։
Նկատենք, որքան էլ խնդրի լուծման տարբերակները խորթ կամ անընդունելի կարող են լինել հասարակության համար, այնուամենայնիվ օբյեկտիվորեն գալու է մի ժամանակ, երբ պետք է հակվենք դրանցից որեւէ մեկին։ Ըստ մեզ, առավել արդյունավետ տարբերակը կրեմացիան է, քանի որ քաղաքը պետք է նախեւառաջ պատկանի ապրողներին՝ իհարկե վառ պահելով նախնիների հիշատակը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ