
Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերաբացվեց հրաձգությունից երկու օր անց

Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց: Ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, իրադարձության վայր է ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները։
«Մենք որոշեցինք վերաբացել Սուրբծննդյան տոնավաճառը Ստրասբուրգի եւ ամբողջ Ֆրանսիայի պատվի համար»,- հայտարարել է ՆԳՆ-ի ղեկավարը: «Սա մեր պատմությունն է, այն ընդհանուր է եւ պատկանում է բոլոր ֆրանսիացիներին: Եվ այսօր առավոտյան մենք պարզապես ցանկացանք այստեղ մեր ներկայությամբ ցույց տալ, որ մենք կարող ենք գլուխ չխոնարհել», հավելել է նա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ առեւտրական շարքերն աշխատանքը վերսկսել են տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:
Իրադարձությունների վայրից տեղական հեռուստաալիքների կադրերում երեւում են զինվորների ու ոստիկանների խառը պարեկախմբերը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգում հրաձգություն է սարքել Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է երեք, տուժել՝ 13 մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն: Շեկաթը դեկտեմբերի 13-ին սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: