«Արմեն Գևորգյանի մեղադրանքը ըստ էության փոխվել է, լրացվել է, և ներկայումս առաջադրված է ՔՕ ևս երկու հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանք». պաշտպան

«Այսօր դատական նիստը կայացավ։ Պետք է քննարկվեր ՀՔԾ սույն միջնորդությունը Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուղղակի քանի որ քրեական գործին ես այսօր եմ ներգրավվել որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան, այդ իսկ պատճառով դատական նիստը չէր կարող կայանալ, որովհետև ես քրեական գործի նյութերին, հատկապես միջնորդությանը ներկայցված նյութերին ծանոթ չեմ։ Մենք դատարանին խնդրեցինք մեկօրյա ժամկետ, քանի որ թե միջնորդությունը, թե միջնորդության հիմքում դրված նյութերը ծվալուն են»,- ասաց ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե ինչու՞ հետաձգվեց դատական նիստը։

Վերջինս նշեց, որ այդ մեկօրյա ժամկետը իրենք խնդրել են նյութերին ծանոթանալու և առարկություն ներկայացնելու համար, ինչը և բավարարվեց դատարանի կողմից։

Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախկինում որպես Արմեն Գևորգյանի խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չբացակայելու մասին այլևս ՀՔԾ-ին չի բավարարում, ու վերջինս Ա. Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, և ի՞նչը կարող էր այդ միջնորդության համար հիմք հանդիսանալ, Է. Ալեքսանյանը պատասխանեց.

«Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրված արդարադատությանը խոչընդոտելու հանցակազմի հատկանիշներով, և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին։ Հիմա քանի որ դեկտեմբերի 11-ին Ա. Գևորգյանի մեղադրանքը ըստ էության փոխվել է, լրացվել է, և ներկայումս առաջադրված է Քրեական օրենսգրքի ևս երկու հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանք, կարծում եմ, դրանով է պայմանավորված, որ ամենամեղմ տեսակի խափանման միջոցը որոշել են փոխարինել ամենախիստ տեսակի խափանման միջոցով՝ կալանավորմաբ, ինչը և պրակտիկայում հանդիպող ընդունված բան է»։

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց, որ այժմ չի կարող ասել, թե կոկնկրետ ինչ նոր մեղադրանքներ են առաջադրվել Արմեն Գևորգյանին, քանի որ այս պահին քրեական գործի նյութերը և հատկապես մեղադրանքի որոշումը ձեռքի տակ չեն։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում էր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը:

Քիչ առաջ նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հ.Գ. Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Տեսանյութեր

Լրահոս