Ինչու իրականում հետաձգվեց ՀԱՊԿ նիստը

Մինչ ՀՀ-ում շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական թեժ քարոզարշավը, որոշվել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մասնակցությամբ նիստը, որի ժամանակ պետք է հանգուցալուծվեր եվրասիական տարածաշրջանի գլխավոր ինտրիգը` գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:

Դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթաժողովը։ «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելն իմաստ չունի, և կառուցողական չէ»։

«Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին:

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում նոր գլխավոր քարտուղար չի նշանակվել, և պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Սակայն Աստանայի հանդիպումից հետո հրապարակային տարաձայնություններ ի հայտ եկան այս հարցի շուրջ Հայաստանի ու Բելառուսի միջև, որոնց թեկնածուները հավակնում են դառնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը պարզաբանեց, թե ինչ դրդապատճառներից ելնելով է ՌԴ նախագահը առաջարկել հետաձգել ՀԱՊԿ նիստը: Նա նշեց, որ ակնհայտ է` անդամ երկրները, բացի Հայաստանից, համաձայնություն ունեն, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, ինչը ներկայումս ամենաճիշտ որոշումը կլիներ: Սակայն, նրա խոսքով, քանի որ այս հարցի լուծումը հենց այս պահին կրիտիկական նշանակություն չունի, հարցի շուրջ քննարկումների հետաձգումը թույլ կտա մեղմել Հայաստան-Բելառուս տարաձայնությունները և որոշումը կայացնել մի փուլում, որը չի ազդի ՀՀ նախընտրական իրավիճակի, առկա տրամադրությունների վրա:

«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի և նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է: Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որևէ ղեկավարի համար ցավոտ որոշում չլինի հիմա: Իմ համոզմամբ, սա ճիշտ մոտեցում է: Իսկ ինչ վերաբերում է թեկնածության հարցին, ապա դա, կարծում եմ` արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև:

Եվ երկրորդ` տեսնում ենք նաև, որ ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ ներքաղաքական նման հեղափոխական զարգացումների փուլում Հայաստանի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ՝ հետագայում նաև խնդիրներ հարուցելով կազմակերպության համար:

Երբ պահանջվում է պահպանել այս պաշտոնը, պետք է հաշվի առնվի ներքին իրավիճակի կայունությունը, քանի որ այդ գործիչը լինելու է այլևս ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը, և այդ պաշտոնը լուրջ մոտեցում է ենթադրում»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:

Նրա խոսքով, հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2019թ., որոշում անպայմանորեն կկայացվի: «Ներկայումս կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում է ռուս գործիչ, բայց դա այլևս անընդունելի է գործընկեր երկրների համար, իսկ ժամանակին Հայաստանի համար անընդունելի էր Բորդյուժայի քարտուղարությունը, քանի որ եկել էր նախագահելու Հայաստանի հերթը, իսկ հիմա Բելառուսի հերթն է: Բայց որոշումը կկայացվի ուշ, որպեսզի ռուսական կողմը չմեղադրվի ՀՀ-ում որևէ կողմից»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը չափազանց զգուշավոր քաղաքականություն է վարում, քանի որ ռուսական խաղաքարտը Հայաստանում շատ է օգտագործվել և ազդել հանրային տրամադրությունների վրա: Ներկայումս դա, նրա որակմամբ, ավելի վտանգավոր կարող է լինել, ուստի ՌԴ նախագահը փորձում է գոհացնել և՛ Հայաստանին, և՛ Բելառուսին:

«Չգիտեմ, թե ինչ դիրքորոշումներով 2019-ին կայանալիք նիստին կգան Հայաստանի և Բելառուսի ղեկավարները: Շատերի կարծիքով՝ հետաձգելն աշխատում է կազմակերպության հեղինակության հաշվին: Բայց մյուս կողմից՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, և պետք է կողմերին ժամանակ տալ՝ լավ մտածել իրենց որոշումը, գուցե վերանայել, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր պաշտոն է ՀԱՊԿ-ում, թեև որոշումները կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները:

Այնուամենայնիվ ես սա որակում եմ Հայաստանին ընդառաջ կատարված քայլ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է ՀՀ իրականացրած քայլի պատճառով, և այսքան ամիսներ շարունակվում են քննարկումները, կան տարաձայնություններ, և ՌԴ նախագահը որոշում է ընտրություններից առաջ նշանակված նիստը հետաձգել: Իսկ այդ նիստի ընթացքում կա՛մ նշանակվելու էր Բելառուսի ներկայացուցիչը, ինչը մեծ աղմուկ գուցե բարձրացներ Հայաստանում, քանի որ արդեն իսկ այդ հարցի նկատմամբ մեծ ուշադրություն կա ընդդիմության և հասարակության կողմից, կա՛մ կրկին հետաձգվեր՝ ուղեկցվելով ավելի կոպիտ խոսակցություններով, ինչ մենք տեսանք շաբաթներ առաջ երկու երկրների միջև:

Բայց գործընկերները պետք է հասկանան, որ նման կառույցներում աշխատանքում պետք է կարևորել գործընկերային համերաշխությունը, ինչ-որ հարցերում որոշ երկրներ են զիջում, որոշ հարցերում` մյուսները, դրանք բնական աշխատանքային հարաբերություններ են: Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի:

Ռուսաստանը դժվար իրավիճակում է, քանի որ կարծես «դատավորի» դերում է, և ցանկացած որոշում վերագրվում է Ռուսաստանին և ազդում տվյալ երկրի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա: Ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների պատճառով պետք է վատթարանան Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները: Ուստի պետք է կոնսենսուս»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս