UNESCO-ն «Քոչարի»-ն չի ճանաչել որպես ադրբեջանցիների ստեղծած և ադրբեջանական պար. պարզաբանում է մշակույթի փոխնախարարը
Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ նշելով, որ UNESCO-ն «Քոչարի» պարը չի ճանաչել որպես ադրբեջանական պար:
«Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսեւորումները եւ դրանց առանձնահատկությունները։ Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջեւանում, եւ դրանց շարքում է նաեւ «Քոչարի»-ն։ (Ավելի պարզ լեզվով ասած՝ ադրբեջանցիները նույնպես «քոչարի» պարում են):
Նստաշրջանում մեր պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում էին, որ «Յալլի» պարը «Քոչարի» չէ: Սակայն, ցավոք սրտի, UNESCO-ի նստաշրջանում որոշումն ընդունվում է կոմիտեի անդամ երկրների քվեարկությամբ և Հայաստանից բացի կոմիտեի անդամ երկրներից ոչ մեկ դեմ չքվեարկեց այդ որոշմանը (չնայած մեր պատվիրակությունը առանձին-առանձին հանդիպել էր կոմիտեի անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներին և ջանասիրաբար ամենայն մանրամասներով բացատրել էր, որ ադրբեջանցիները քաղաքական խնդիր ունեն մեր արժեքներն իրենց վերագրելու, որ իրենց պարը «քոչարի» չէ: Կոմիտեի անդամ երկրների ներկայացուցիչները, չնայած առանձին հանդիպումների ժամանակ մեր հետ լիովին համաձայն էին, սակայն դեմ չքվեարկեցին):
2017 թվականին UNESCO-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն «Քոչարի»-ն Հայաստանի հայտով գրանցել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։
Քոչարին մեր պարն է, մենք ենք ստեղծել և պարել ենք ու պիտի պարենք»,- գրել է փոխնախարարը: