Թեղուտի հանքավայրն ու պղնձաձուլական գործարանը կաշխատեն. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ալավերդիում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի և պղնձաձուլական գործարանի խնդիրներին, նաև Շնող ՀԷԿ-ին։
Ըստ նրա՝ Թեղուտի հանքավայրի շահագործող «Վալեքս» ընկերությունը 380 մլն դոլար վարկ էր վերցրել ՎՏԲ բանկից, պոչամբարի հետ կապված խնդիրներից հետո չի կարողացել սպասարկել այն, իսկ նոր վարկ չեն տվել, կառավարությունը հրավիրել է ՎՏԲ-ին ու «Վալեքս» ընկերությանը, քննարկել են, բայց արդյունքում Թեղուտի հանքավայրն անցել է ՎՏԲ բանկի հսկողության ներքո։ Նա նշեց, որ կառավարությունը նոր օպերատոր ներգրավելու պարտավորություն է դրել, որ հանքավայրն աշխատի. «Սա եղել է մեր պայմանը։ Եվ ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը»։
Ն. Փաշինյանը նշեց, որ շուրջ մեկ ամսից հանքը սկսելու է աշխատել։ Իսկ թե ինչու՝ ոչ այսօրվանից, դաշինքի ղեկավարը պարզաբանեց, որ առանց պոչամբարի նորոգման՝ հնարավոր չէ հանքն աշխատեցնել, դրա համար պետք է 10-14 մլն դոլարի ներդրում, և Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս շուտ կաշխատեցնի հանքը՝ ավելի շատ աշխատատեղերով։
Ն. Փաշինյանը հերքեց, որ պղնձաձուլարանը կանգնել է բնապահպանական տեսչության ստուգումների հետևանքով։
Նրա խոսքով՝ խնդիրը Թեղուտն է, որովհետև հանքը գրավի տակ է, «Վալեքսն» ուզում է դրա հանդեպ իր իրավունքները պաշտպանել, քանի որ եկամտաբեր աշխատելու համար պետք է նույն ընկերությունը հանք ունենա և հումքը չգնի ուրիշից. «Թեղուտն արդեն «Վալեքսինը» չի, բայց կա մի ուրիշ հանք, որը գրավի ներքո է և պետք է անցնի ՎՏԲ-ին։ Գրավադրված է նաև «Վալեքս» խմբի ղեկավարի Ռուսաստանում ունեցած անշարժ գույքը, և նա նաև անձնական պարտավորություններ ունի։ Խնդիրն այն է, թե բանակցությունների արդյունքում պղնձաձուլարանն ում կմնա։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ գործարանը և մյուս հանքը շարունակում է մնալ «Վալեքսին», կա՛մ երկուսն էլ վերցնում է ՎՏԲ-ն կամ ռուսական մի ընկերություն, և աշխատացնում է»։
Ամեն դեպքում, նշեց վարչապետի պաշտոնակատարը, Ն.Պետրոսյանին խնդրել են, որ Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե հանկարծ պղնձաձուլարանի պատմությունը երկարի, աշխատողները վերցվեն Թեղուտում ու ոչ մեկն աշխատանքից չզրկվի։
Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ-ում նոր պղնձաձուլարան կառուցելու 2 առաջարկ կա, մեկը՝ չինական, և մյուսը՝ իտալական ծագմամբ կապիտալներ են։ Նա հույս հայտնեց, որ նոր ներդրումներ կներգրավեն նաև այդ ոլորտում, նաև բնապահպանական բարձր ստանդարտներ կսահմանեն, որ նոր հանրային բորբոքումներ չլինեն։
Ն. Փաշինյանը նշեց, որ կառավարությունը նպաստելու է գունավոր մետալուրգիայի զարգացմանը, բայց առանց բնապահպանական խնդիրների ծագման, ամեն ինչ կանեն, որ ՎՏԲ-ն և «Վալեքսը» համաձայնության գան. «Չկա մի թուղթ, որ ես ստորագրեմ, ու հարցը լուծվի։ Ձեր ամեն աշխատատեղին ես վերաբերվում եմ այնպես, ինչպես դուք ինքներդ կվերաբերվեիք։ Մենք նույնքան շահագրգռված ենք դրանում»։
Շնող ՀԷԿ-ի հետ կապված Ն. Փաշինյանը բացառեց, որ նման որևէ խոշոր նախագիծ իրականացվի առանց բնապահպանական նորմերի պահպանության։ Նրա խոսքով՝ համայնքի կարծիքին մեծ տեղ է տրվում, և Շնող ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության, իսկ անհրաժեշտության դեպքում տեղական հանրաքվե կանցկացնեն։
«Մենք հենց սա ի նկատի ունենք, որ ասում ենք՝ ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարություն»,- նկատեց Ն.Փաշինյանը։