
«Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցի միջադեպը կարգավորելու համար». Լավրով

Ռուսաստանը միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի շուրջ իրադրությունը կարգավորելու համար, ՌԴ-ի եւ Ուկրաինայի իշխանություններն իրենք կարող են քննարկել առկա հարցերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Իվ լը Դրիանի հետ կայացած բանակցությունների արդյունքները։
«Երեկ Կերչի նեղուցում միջադեպի շուրջ ստեղծված իրադրությունը քննարկվել է նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում, որը զանգահարել էր Վլադիմիր Վլադիմիրովիչին, եւ ձեռք է բերվել որոշակի ըմբռնում, որը, կարծում եմ, մոտ ժամանակներս կիրագործվի: Ես որեւէ միջնորդի անհրաժեշտություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ սա բացառապես գործնական հարց է»,-ասել է նա:
«Գործնականում, կարծում եմ, երկու երկրների տեղական սահմանապահ իշխանությունների մակարդակով միանգամայն կարելի է քննարկել այդ հարցերը, եթե կան տեխնիկական հարցեր, որոնք ուկրաինական կողմին մինչեւ վերջ հասկանալի չեն»,-ընդգծել է Լավրովը: