
«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը». Նաթանյահուն դարձավ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ գիտեմ, որ դա անում եմ այն ժամանակ, երբ բազմաթիվ են անվտանգության ոլորտում պետության քաղաքականության քննադատները»,- ասել է նա իր հեռուստաուղերձում: Նաթանյահուն բացատրել է, որ երկրի անգվտանգության ոլորտի իրադրության պատճառով չի կարելի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել եւ «տապալել կառավարությունը»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ կոալիցիոն գործընկերները «պատասխանատվություն կդրսեւորեն եւ չեն ձգտի հասնել կառավարության հրաժարականին»: Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն իր պաշտոնաթողության մասին հայտարարել է նոյեմբերի 14-ին:
Այդ կերպ նա բողոք հայտնեց Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ մարտական գործողությունները դադարեցնելու դեմ: Լիբերմանը նաեւ կոչ արեց հնարավորինս շուտ երկրում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: