
«ՀՀ-ում աղբահանության խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում աղբահանության խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացիների համատեղ պատասխանատվությամբ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ:
Այո, կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուծեն աղբահանության խնդիրը: Այսօր ամենահրատապ խնդիրներից մեկը աղբի վերամշակման գործարան ստեղծելն է, որ այդ աղբը տեղից տեղ չտեղափոխվի: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին ինքը առնվազն ինքը իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բան չի փոխվի: Հեղափոխությունը սկսվում է այստեղից, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է: Իշխանության փոփոխությունը բավարար չէ, շատ բան կա փոխելու, և ամեն ինչի փոփոխությունը սկսվում է մեր փոփոխությունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ սարսափ է ապրել, երբ Նորատուսի խաչմերուկ հասնելուց տեսել է երկու հսկայական խանութ, իսկ դրանցից 10 մետր այն կողմ՝ այդ խանութների չափ աղբ: «Եվ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, որտե՞ղ է նայում մարզպետարանը: Տպավորություն է, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ:
Եվ ես շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, նրանք ուզում էին մեզ սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը, հիմա մենք պիտի մաքրենք ֆիզիկական աղբը, հուսահատության աղբը: Մենք չենք հանդուրժելու մեր մեջ որևէ աղբի գոյությունը: Մեզ բոլոր կողմերից ցանկանում են համոզել, որ դ խեղճ ժողովուրդ ենք, փոքր ժողովուրդ ենք, բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ մենք փոքր ժողովուրդ չենք, մենք, միգուցե, փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք»,- ասաց Փաշինյանը: