Բաժիններ՝

Հանրային խորհրդում ձևավորվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցրեի հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։

Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։

Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ հարթակ։

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով համալրվում են Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմի 30 անդամները: Այնուհետև 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում է թեկնածուներ, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս