Բաժիններ՝

Գյումրիում գիշերօթիկ հաստատության մոտ հայտնաբերված երկվորյակները դեռևս մանկատանն են. Մայրը պարբերաբար այցելում, սիրում է նրանց

«Երկվորյակ երեխաները մանկատանն են, նրանց հետ ամեն ինչ կարգին է, մեծանում են և որևէ խնդիր չունեն։ Իրենց մայրիկի հետ պարբերաբար ունենում են հանդիպում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ անդրադառնալով Գյումրիում  գիշերօթիկ հաստատության մոտ հայտնաբերված երկվորյակ երեխաների ընդանուր վիճակին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտիոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։

Պարզվել էր, որ նրանք զույգ եղբայրներ են՝ Վահե և Վահան. 18-ամյա մայրն էր նրանց Գյումրի տարել և թողել գիշերօթիկ դպրոցի մոտ։ Իր արարքը մայրը բացատրել էր նրանով, որ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում և չի կարող երեխաների համար ապահովել կեցության պայմաններ, քանի որ միայնակ է։

Լիլիթ Գորգինյանը նաև տեղեկացրեց, որ երեխաների մայրն այս պահին բնակվում է Երևանում, ուստի Շիրակի մարզպետարանը դադարել է նրա հետ իրականացնել որոշակի աշխատանքներ։

Կարդացեք նաև

«Մայրիկի հետ աշխատանքներ չենք տանում, պարզապես իրականացնում ենք կազմակերպչական աշխատանքներ, երբ գալիս է երեխաներին տեսնելու»,- ասաց Լ. Գորգինյանը։

Հարցին, թե երեխաների մայրն արդեն ցանկություն հայտնե՞լ է իր երեխաներին տանելու, Լիլիթ Գորգինյանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել.

«Կարծում եմ՝ մայրը պատրաստ է, սակայն դրա համար դեռ շատ ճանապարհ կա անցնելու, սա մեկ ժամում լուծելու խնդիր չէ։ Երեխաների մայրիկի հետ կապված հարցերին չեմ կարող պատասխանել, որովհետև մեր թիմը չի աշխատում նրա հետ, բայց նա գալիս է, սիրում է իր բալիկներին, նրանցով հետաքրքրված է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հաջորդ հարցին, թե երեխաների հայրն այցելո՞ւմ է նրանց, Լիլիթ Գորգինյանը պատասխանեց, որ երեխաներն ի սկզբանե հայր չեն ունեցել, և մայրը հրաժարվել է որևէ մարդու տվյալներ ասել։

Ինչ վերաբերում է երեխաների որդեգրմանը, Լիլիթ Գորգինյանը նշեց, որ այս պահին կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկանում են որդեգրել երեխաներին, սակայն նրանք որդեգրման հանձնված չեն.

«Այն մարդիկ, որոնք ցանկանում են երեխա որդեգրել, անցնում են ընդհանուր ստացակարգ և ստանում թույլտվություն, որպեսզի այլ երեխաներ փնտրեն, գտնեն և որդեգրեն»,- եզրափակեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս