«Սպասում եմ բոլոր ուժերի կողմից Արցախի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշման մասին հայտարարություններին». Արա Պապյան
«Ցավալին այն է, որ սպասում էինք, թե ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով կլինեին, ու գաղափարական պայքարի հնարավորություն կլիներ, այդպես չեղավ, ուստի այս նոր խորհրդարանը պակաս քաղաքական կլինի, որովհետև ռեյտինգայինի վրա շատ գործոններ են ազդում: Ինչքան էլ որ ասեն՝ վարչական ռեսուրս չենք օգտագործում, այնուհանդերձ, եթե որևէ նախարար է առաջադրվում, այն արդեն ազդեցություն ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Դիվանագետը նշեց՝ սպասում է նաև բոլոր ուժերի կողմից Արցախի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշման մասին հայտարարություններին:
«Պետք է ասեն՝ շարունակո՞ւմ են ընդունել Մադրիդյան սկզբունքները, որի հիմքում տարածքների հանձնումն է: Կարևոր են նաև հայ-ռուսական, հայ-թուրքական հարաբերությունների հարցերը: Արտաքին բլոկը հստակ պետք է ներկայացված լինի: Անգամ բանավոր խոստումը խոստում է: Լավ կլիներ, որ բոլոր կուսակցությունների և կուսակցապետերի խոստումները գրի առնեին, մի կայքում տեղավորեին, ու սկսեինք հետևել, տեսնեինք, թե ո՞վ՝ ինչի՞ց է հետո հրաժարվում: Ինձ համար շատ կարևոր է, որ ապագա ԱԺ-ն լինի անցումային, առավելագույնը՝ 2 տարով, ապահովի Սահմանադրության, ԸՕ-ի փոփոխություն, կուսակցությունները մի փոքր կայանան, ու գնանք լուրջ ընտրությունների, որը կկարողանա ձևավորել իսկապես քաղաքական դաշտ, ընտրապայքարն էլ գոնե 40 օր տևի»,- նշեց Արա Պապյանը:
Անդրադառնալով կուսակցությունների և դաշինքների ցուցակներին՝ Արա Պապյանը նկատեց.
«Շատերը վստահաբար ասում են, թե «Իմ քայլը» 70 տոկոս ձայն կհավաքի, բայց չեմ կարծում, որ կկարողանան, ամենայն հավանականությամբ՝ 50 տոկոսից մի փոքր շատ ձայն կհավաքեն: «Իմ քայլի» ցուցակում առաջին 30 անձի մեջ 2 անկուսակցական կար, իսկ վերջին 30-ի մեջ մեծ մասն անկուսակցական են: Շատ հետաքրքիր է կազմած: Տոկոսային առումով սա ցույց կտա, որ անկուսակցականների քանակը շատ է, բայց իրականում անցողիկ տեղերում իրենք չկան: ՀՅԴ ցուցակում գոնե գրված է, թե ո՞վ, ի՞նչ պաշտոն ունի: Այստեղ ոչինչ գրված չէ, գոնե ծննդյան թիվը լիներ, որ որոշեինք՝ փորձ ունե՞ն, թե՞ չէ: ՀՀԿ-ի ցուցակում էլ ավելի երիտասարդների են ընդգրկել, չնայած տեսականորեն կարող էին Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը լինել: ՀՀԿ-ն եղել է արհմիություն, հիմա ուզում են քաղաքական դաշտ գալ, լինել կուսակցություն»:
Անի Կարապետյան