Բաժիններ՝

Քաղաքային տրանսպորտի գինը չի բարձրացել, քանի որ սանձել են տաքսի ծառայությունները, ոչ թե ժամանակին արվող ցույցերը

«Որ պահին որ չլսեք տաքսի ծառայությունների անունը, այդ պահից 100 դրամի մասին մոռացեք: Մեկ կիլոմետրը  կլինի 150-200 դրամ, մինիմալ վճարն էլ՝ 1000 դրամից ոչ պակաս: Սա միակ բանն է, որը թույլ կտա բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը: Մինչև հիմա դրա գինը որ չի բարձրացել՝ սանձող հանգամանքը եղել են տաքսի ծառայությունները, ոչ թե ժամանակին արվող ցույցերը: Հասարակ հաշվարկ. 4 ուսանող եթե տաքսիով գնում էին դասի, շատ ավելի էժան էր, քան քաղաքային տրանսպորտի դեպքում: Իսկ հիմա օնլայն տաքսիները, որոնք օրենքը խախտում են, պետությանը ոչ մի հարկ չեն վճարում, երևի ցանկանում են, որ բոլորը գան իրենց հարթակ: Ճորտի տեղ կաշխատացնեն: Գներն իրենք են որոշում, հասկանո՞ւմ եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի   տաքսի  ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

«1996-97թթ.-ից սկսած մինչ օրս գիտե՞ք, թե որքան են թանկացել ապրանքները, դրամը, դոլարն ու եվրոն արժեզրկվել, միակը, որն անփոփոխ է եղել, տաքսու գինն է: Մրցակցության շնորհիվ եղել ու մնացել է 100 դրամ: Շատ վատ, բայց լիցենզավորման մասին օրենքն առաջ բերեցին, տաքսի ծառայության ներկայացուցիչները չքննադատեցին, դա էլ արեցին:  Ասեմ, որ այդ լիցենզավորման կարգն առաջ էին քաշել  նրա համար, որ տաքսի ծառայությունները դեմ դուրս գային, սակայն այդպես չեղավ:

Օրենքում կետ կար, որ ամեն մեքենայի համար 20 քմ տարածք պետք է լինի, այն դեպքում, երբ երթուղայինի համար, ասենք, 12 կամ 14 քմ էր: Մարդատար փոքր  մեքենայի համար, չգիտես ինչու՝ 20 որոշվեց: Այն ժամանակ շահագործվող տաքսիների քանակը երևանում 25.000 էր, 20 քմ ամեն մեքենային հատկացնելու դեպքում անհրաժեշտ  էր 50 հեկտար ազատ տարածք: Այդ ո՞վ չգիտեր, որ Երևանում այդքան ազատ հող չկար՝ մեքենաները կայանելու համար:

Կետ կար նաև այն մասին, որ  մեքենաներն իրավունք չունեին քաղաքից դուրս գալու: Պետք է ստանային համարանիշ, որն իրավունք կտար Երևանից դուրս գալ: Հավաքվեցինք, որոշ կետերի դեմ պայքարեցինք: Իսկ այս  բոլոր սահմանափակումները դրել էին՝ հույս ունենալով, որ տաքսին լիցենզավորման չի գնա»,- ասաց Վահագն Սահակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս