«Ճիշտ կլինի, եթե Մշակույթի նախարարությունը միացնեն Սոցապ նախարարությանը, որը թոշակ ու մեդալ կտա արվեստագետներին». Ինչո՞ւ է զայրացել կոմիտասագետը
Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը դեռևս նախորդ ամիս անդրադառնալով Կոմիտաս վարդապետի 150-ամյակը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին, հայտարարել էր, որ Կոմիտասին դարձրել են բիզնեսի առարկա. «Կոմիտասի 150-ամյակը նշող հանձնաժողովում ի պաշտոնե կան նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև՝ երաժիշտներ։
Պարզ է, որ առաջարկները հիմնականում անելու են երաժիշտները, սակայն տպավորություն է, որ երաժշտական հանձնաժողովի հիմնական անդամների ցանկը կազմել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, նրա «կոնտրոլի» տակ են Կոմիտասի անվան հետ կապված գլխավոր հաստատությունները՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, և այժմ «կոնտրոլի» տակ պետք է պահվի Կոմիտասի 150-ամյակը»,- ասել էր Ա. Շահնազարյանը։ Նա նաև տեղեկացրել էր, որ հրաժարվել է հանձնաժողովի անդամ լինելուց, քանի որ չի ցանկացել մաս կազմել Կոմիտասի 150-ամյակի բիզնես-ծրագրին, որի միջոցով մարդիկ ցանկանում են լուծել իրենց անձնական հարցերը և քամուն տալ պետական միջոցները։
168.am-ի հետ զրույցում Արթուր Շահնազարյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս և ովքե՞ր են Կոմիտաս վարդապետին դարձրել բիզնեսի առարկա, նշեց, որ «Կոմիտասի անվան տակ փողեր են դուրս գրում և պետության փողերը քամուն տալիս»։
«Օրինակ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը մասնագետ չէ, Կոմիտասից կիլոմետրերով հեռու է, բայց պետության հաշվին գնացել է Սորբոն և Կոմիտասի մասին դասախոսություն է կարդացել։ Մշակույթի նախարարն այդ մարդուն պահում է, ինչպե՞ս հասկանանք։ Այսինքն, հիմա նախարարն ինքն էլ մասնագետ չէ, մշակույթի հետ կապ չունեցող մարդ է, գուցե չենք էլ կարող մեղադրել։
Հիմա այդ մարդու ծանոթներից մի քանի հոգի կարող են գնալ ու, օրինակ, ասել, թե նա լավ մասնագետ է, նախարարն ինչպե՞ս պետք է իմանա, պետք է բացի արած գործերը, նայի, չէ՞։ Եթե նախարարը հարցներ, թե Արթուր Շահնազարյանի գործերը որոնք են, նրա առաջ կդնեին հատորով գրքեր՝ հրատարակված 1990 թվականից։ Ոչ ոք չգիտի՝ թանգարան-ինստիտուտի տնօրենը որտեղի՞ց հայտնվեց, որտեղի՞ց բերեցին-դրեցին տնօրենի պաշտոնին, և միայն սա չէ, մյուս ասպարեզներում ևս նույնն է։
Գուցե Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրենը լավ տղա է, բայց Կոմիտասից ոչինչ չգիտի։Կոմիտասի 150-ամյակն է, կարող է Օպերային թատրոնում մի համերգ անցկացնեն, մի երգչախումբ կանչեն, երգի, գիրք տպեն, և այլն, հետո էլ ասեն՝ վերջ, Կոմիտասի ծնունդը նշեցինք։ Բանն այն է, որ նրանք ուզում են միայն ծնունդ նշել, ինչպես միշտ անում են»,- նշեց կոմիտասագետը՝ հավելելով, թե դրանից կարող է ենթադրել, որ մշակույթի նախարարին չի հետաքրքրում, որպեսզի որևէ բան փոխի, ուստի կարող է ասել, որ հեղափոխությունը եղել է, բայց ոչ մշակութում:
Արթուր Շահնազարյանի խոսքով՝ չկան հեռահար, մշտական ծրագրեր՝ Կոմիտասի հետ կապված։ Չկա գոնե մեկ մշտական ծրագիր, որը, օրինակ, կվերափոխի հայ ժողովրդի ճաշակը։
«Կոմիտասն ուզում էր մեր ժողովրդին վերադարձնել իր ինքնությունը, էությունը, ոգին։ Տեսեք, այսօր մեր մանկապարտեզներում ռուսական էստրադայի և կինոյի անհաջող երաժշտության տակ հանդեսներ են անում, Հայաստանի շրջաններում երիտասարդները թաղված են ռաբիսի ու կլկլոցների մեջ։ Առաջին հերթին մեր ժողովրդին է պետք վերադարձնել իր ժառանգությունը և սա պետք է անել համատարած։ Նոր սերունդը պետք է նաև մշակութային հեղափոխություն անի, որովհետև մեզ համար մշակույթը և մեր երկրի սահմանները նույն բանն են՝ հոգևոր և ֆիզիկական հայրենիք։
Մշակույթի նախարարությունը պետք է լինի ռազմական նախարարության նման մի բան, զինվորական շորերը հագած պետք է նստեն ու որոշեն, թե մեր մշակույթն ինչպես մաքրեն աղբից, որովհետև մշակույթը դարձրել են անապատ։ Կարծում եմ՝ Մշակույթի նախարարությունը պետք է փակել ու միացնել Կրթության նախարարարությանը, որպեսզի փրկենք մեր երեխաներին։ Իսկ եթե ուզում են այսպես շարունակել, ճիշտ կլինի, եթե միացնեն Աշխատանքի և սոցիալական հարցրերով նախարարությանը, որը թոշակ ու մեդալ կտա արվեստագետներին»,- շեշտեց Ա. Շահնազարյանը։
Կոմիտասագետը նաև ընդգծեց, որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ենթադրում է մի դարբնոց, որը պետք է իրականացնի Կոմիտասի ծրագրերը և հասցնի ավարտին։ Այն պետք է ունենա այն ուժը, ինչ ունի մեր Պաշտպանության նախարարությունը, որովհետև մեր մշակույթը հավասարազոր է բանակին։
«Եթե մեր մշակույթը պետք է կորցնենք, և ժողովուրդն ընկնի նման մշակութային ճահիճի մեջ, ինչո՞ւ ենք բանակ պահում, որ ի՞նչը պահեն, այս ա՞ղբը։ Մեր ամբողջ ժողովրդին տարիներ շարունակ թաղել են մշակութային աղբի մեջ և այս ամենն արել են ծրագրավորված։ Մարդիկ կան՝ ասում են, թե իբրև ես չարացած եմ խոսում. զարմանում եմ, բանից անտեղյակ խոսում են մարդու մասին՝ չիմանալով՝ մարդն ինչ է արել, գոնե իրենց նայեն, թե իրենք ինչ են արել։ Փաստորեն Կոմիտասը հոգատար մարդ դուրս եկավ, որ իր մահից հետո էլ որոշ մարդկանց հաց է տալիս։
Բիզնես ասածն այն է, որ մարդիկ փող են աշխատում, երկիրն էլ, մարդկանց էլ իրենց հետ պահում են։ Բայց սրանք բիզնեսի մի ձև են մշակել, որ պարապ, զառանցելով, ինչ-որ մտքեր հայտնելով, պետության հաշվին փող են ստանում, աշխարհով ֆռֆռում են, Կոմիտասի անունն են տալիս ու լավ էլ ապրում են։ Իսկ մեր մշակույթի նախարարը բոլորին գրկած պահում է և, իմ կարծիքով՝ ասում է՝ ինձանից մի բողոքեք, միայն թե ես մնամ իմ տեղում»,- եզրափակեց Արթուր Շահնազարյանը։
Զվարթ Խաչատրյան։