«Ես «քծնվողներից» չեմ». Սիլվա Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման չգնալու և ներդրումների մասին
Նախորդ ուրբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք էր ունեցել ՀՀ խոշոր գործարարների և մեծ հարկեր վճարող ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորումների, հարկային ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
Համացանցում ակտիվորեն քննարկում են, թե ինչու գործարար Սիլվա Համբարձումյանը չի գնացել Ն. Փաշինյանի հետ հանդիպման։
168.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն անդրադառնալով վարչապետի հետ հանդիպման չգնալու պատճառին՝ տեղեկացրեց, որ երկու օր Իրանում է եղել, և գուցե հենց այդ ընթացքում են գործարարները հանդիպել վարչապետին։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում բացը լրացնի և առանձին հանդիպում ունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց, որ Հայաստանում ներդրումներ կանի միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, թերևս սա էլ պատճառ կլինի, որ մինչև այդ չհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եթե անգամ վաղը կամ մյուս օրը հանդիպեմ, ներդրումների առումով ոչինչ չեմ խոստանա»,- նշեց Ս. Համբարձումյանը։
Հարցին, թե ի՞նչ կարող է փոխվել ընտրություններից հետո, և հնարավո՞ր է ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ հրաժարվի ներդրումներ կատարելու մտադրությունից, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց, որ կարևոր է, որ ընտրությունները լինեն լեգիտիմ, լինի լեգիտիմ վարչապետ ու խորհրդարան, այլ ոչ թե «կնոպկա սեղմողներ»:
«Այդ ժամանակ ես պատրաստ եմ ներդրումների, քանի որ, երբ վարչապետն ունենում է ձայների մեծամասնություն, արդեն վստահ ես քայլում, իսկ երբ ձայներ չի ունենում, ոչ մի ներդրման մասին խոսք լինել չի կարող։ Քանի որ նա խոստացել է, որ ներդրումային դաշտը լավ է լինելու, մենաշնորհ չի լինելու, սրանից հետո միայն պատկերը պարզ կլինի։ Այժմ եթե մարդիկ գնան, ուզեն «քծնվել», ես քծնվողներից չեմ և ամբողջ կյանքում այդպիսին չեմ եղել»,- ընդգծեց մեր զրուցակիցը և հավելեց, որ ընտրություններից հետո պատրաստվում է ներդրումներ կատարել բանկային, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում։
Զվարթ Խաչատրյան