
Ռիբերին ապտակել է լրագրողին «Բորուսիայից» կրած պարտությունից հետո

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո (2:3) տհաճ պատմության մասնակից է դարձել:
Ըստ Bild-ի՝ Ռիբերին հարվածել է Bein Sports-ի լրագրող Պատրիկ Գիյուին՝ իր խաղի մասին քննադատական մեկնաբանություն լսելուց հետո:
Գիյուն նշել է, որ Ռիբերին պատասխանատվություն է կրում թիմի բաց թողած երկու գոլերի համար: Ըստ տեղեկությունների՝ այս խոսքերից հետո Ռիբերին վիրավորել, իսկ հետո՝ նաև ապտակել է լրագրողին:
Ռիբերին անմիջապես տեղյակ է պահել «Բավարիայի» ղեկավարությանը տեղի ունեցածի մասին:
«Ռիբերին մեզ տեղեկացրել է, որ վիճաբանություն է ունեցել իր հայրենակից Պատրիկ Գիյուի հետ, ում ճանաչում է շատ տարիներ:
Մոտ ապագայում մենք կկազմակերպենք անձնական հանդիպում` հասկանալու համար, թե ինչպես լուծել այս խնդիրը: Պարոն Գիյուն արդեն տեղեկացրել է, որ դա իր շահերից է բխում»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիդիչը:
Սիրարփի Աղաբաբյան