«Պետք է վերջապես վերլուծվի և ճիշտ հասկացվի Հայաստանում ժողովրդական դժգոհության խնդիրը, լեզու, ձայն տրվի իրական ժողովրդականին». Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին, գրել է.

«Էս աշխատանքի հետ կապված հարցը, որն էսօր բուռն քննարկվում է, ահագին բարդ լուծելի խնդիրներից է: Որովհետև դա պետք է սկսվի ոչ թե բուն խնդրի, այլ, կներեք ակադեմիական ժարգոնի համար՝ մետախնդրից, այսինքն խնդիրը սահմանող ֆոնից, շրջարկից և այլն:

Նախ, եթե կա Հայաստանում գեթ մեկ տնտեսագետ, որը լիբերալ տնտեսագիտական կաղապարներից դուրս է մտածում, նա պետք է բացատրի իրավիճակն այդ տեսակետից: Քանզի հետսովետական լիբերալիզմի կաղապարներն են, որ սահմանում են մեր քաղաքական մտածողությունն ու բոլոր ոլորտներում փակուղիներ ստեղծում:

Մեր փնտրելիք տնտեսագետը պետք է բացատրի և ցույց տա, որ կյանք ու աշխարհ ու միտք կա. ազատ շուկան, ազատ մրցակցությունը կձևավորեն ամեն բան իրենք իրենցով, կրոնական դոգմաներից դուրս:

Պետք է ընդհանրապես դեկոնստրուկցիայի ենթարկվի լիբերալիզմի հիմնաքարը հանրության մասին. անհատները պայմանավորվելով` ստեղծում են հանրություն, ընկերություն, որ անհատականն է, էությունը, իսկ հանրայինը՝ ածանցյալ, և ցույց տրվի հակառակը` որ անհատ չկա ընկերայինից դուրս, որ ընկերայինը սահմանում անհատին: Սոցիալիզմի պարզ սկզբունքը: Բայց ոչ թե իդեոլոգիկ իմաստով սոցիալիզմի, այլ ընդհանուր: Ոչ թե կուսկացկան՝ մարքսիստական, պոստմարքսիստական սոցիալիզմ, այլ այդ ամենից դուրս և անկախ:

Երկրորդ՝ պետք է Հայաստանի տնտեսությունը և ընդհանապես համակարգը վերջապես կապի մեջ դրվի միջազգայինի հետ և հասկացվի, որ չկա առանձին վերցված հայկական խնդիր, որ առանձինը երկրոդական է, իսկ հիմնարարը միջազգայինն է: Որ կա համաշխարհային խնդիր: Որ մենակ մենք չենք, որ ուզում ենք հասկանալ, թե ինչպես գործել այն պայմաններում, երբ շատերն ապրում են քիչ աշխատողների հաշվին: Նույն խնդիրն է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհում»:

Երրորդ՝ պետք է վերջապես վերլուծվի և ճիշտ հասկացվի Հայաստանում ժողովրդական դժգոհության խնդիրը, լեզու, ձայն տրվի իրական ժողովրդականին, «պոպուլիստականին», հասկացվի, թե ինչու է իրեն դեմոկրատ հռչակած աշխարհում պոպուլիզմը՝ ժողովրդականը քֆուր, իսկ ռեֆորմների լավը պարտադիր «ոչ պոպուլյարն է»:

Չորրորդ՝ պետք է համարձակություն ունենալ: Դեկոնստրուկցիային պետք է հետևի «կոնստրուկցիան»: Պետք է համարձակորեն դնել- քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռեինդուստրիալիզացիան, նացիոնալիզացիան և այլն: Բաներ, որոնք տաբու են կամ համարվում են անիրական, բայց առանց որոնց հնարավոր չէ ոչ զարգացում, ոչ իրական ազգային ազատագրում, ոչ էլ սոցիալական խնդրի լուծում:

Պետք է դեն նետվեն տուրիզմը, սպասարկումը և այլն որպես փրկօղակներ: Պետք է հաղթահարվի փիլիսոփայությունը՝ սպասարակող ազգի փոխարեն արտադրող ու զարգացող ազգ:

Պետք է վերջապես հասկանալ, թե ինչո՛ւ է Թրամփն իշանության եկել, ու ինչ է փոխվում աշխարհում:

Հախուռն, խրթին, բայց վստահ եմ՝ ուղղությունը ճիշտ: Իսկ մանրամասներն՝ ուղղելի:

Տեսանյութեր

Լրահոս