«Դա շանտաժ է Ադրբեջանի կողմից. նա երկու նպատակ է հետապնդում». Դավիթ Բաբայան

«Դա շանտաժ է Ադրբեջանի կողմից. որևէ մեկը չի կարող դեմ լինել գերիների փոխանակմանը, պատանդների վերադարձին։ Նույնիսկ, եթե չկա փոխանակում, անպայման պետք է վերադարձվեն այդ մարդիկ, որովհետև դա հումանիզմի դրսևորում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝  «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանն այս տեղեկատվությունը բացարձակ սուտ էր որակել. «Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ն չի ստացել։ Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիներ գոյություն չունեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախի Հանրապետությունում»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ նման շահարկումներ անելով՝ Ադրբեջանը մեկ նպատակ ունի՝ վերադարձնել Ասկերովին և Գուլիևին, որոնք, ըստ նրա՝ գերիներ չեն, այլ մարդասպաններ, հանցագործներ են. «Նրանք ներխուժել են Արցախի տարածք, կատարել են դիվերսիոն գործողություն, մարդ են սպանել, հետո ձերբակալվել են, նրանց նկատմամբ տարվել է թափանցիկ, բաց դատավարություն, որին մասնակցում էին միջազգային դիտորդներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նրանց մեղքն ապացուցվել է, և հիմա բանտում են։

Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է փոխել ահաբեկիչներին հասարակ մարդկանց հետ, որոնք մոլորվել են, նույնիսկ ունեին առողջության հետ կապված խնդիրներ։ Նախ, առանց այն էլ՝ Ադրբեջանը պարտավոր է նրանց վերադարձնել, որովհետև նրանք զինվորականներ չեն, քաղաքացիներ են, երկրորդը՝ փոխանակում են համահավասար կատեգորիաներ, երրորդ՝ կան կատեգորիաներ, որոնք չեն փոխանակվում՝ ահաբեկիչները։ Սրանք ահաբեկիչներ են»։

Կարդացեք նաև

Արցախի նախագահի մամուլի խոսնակի համար Բաքվի քաղաքականությունը պարզ է.

«Նախ՝ դրանով սպեկուլյացիա են անում, երկրորդ՝ փորձում են մեզ մոտ սերմանել դժգոհություն, որովհետև մեր քաղաքացիների ծնողները, բարեկամները, որոնք հիմա Բաքվի բանտերում են, իհարկե, պետք է ասեն՝ էդ թուրքերին տվեք, մեր երեխաներին հետ բերեք, դա բնական է, բայց մենք չենք կարող այդ քայլին դիմել, որովհետև այստեղ երկու տարբեր կատեգորիաներ են։

Բացի դրանից՝ ինչո՞ւ են ուզում ահաբեկիչներին հետ վերցնել, ուզում են հերոսացնել, դրանցով նրանց մարտական ոգին բարձրացնել և ստեղծել հլու-հնազանդ դահիճներ, որոնք ամեն հրամանի պատրաստ են, նույնիսկ Ադրբեջանի մեջ յուրաքանչյուր մարդու կարող են ոչնչացնել։ Իհարկե, ռեժիմի համար, որը լեգիտիմություն չունի, նման մարդիկ շատ կարևոր են»։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։

Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։

Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է՝ ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

2015թ. Բեռլինում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, գրել էր, թե Ալիևը հանդիպմանը պահանջել է ազատ արձակել Արցախում ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։

Տեսանյութեր

Լրահոս