Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղում իրենց պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովին և Գուլիևին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախ Հուսեյնովին:

Գործակալության տեղեկացմամբ՝ այցը տեղի է ունեցել ապրիլի 14-ին:
Ադրբեջանցիները և նրանց հարազատները Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով տեղեկություններ են փոխանակել:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։

Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։
Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս