Բաժիններ՝

«Կրթության և գիտության նախարարության թիվ 1 խնդիրն է՝ հստակ տեսլական դնել սեղանին և մարդկանց համոզել, որ Հայաստանի համար դա է լավագույն ճանապարհը». փորձագետ

«Քանի որ Հայաստանն այսօր թևակոխել է փոփոխությունների փուլ, շատ կարևոր  է կրթության նոր օրակարգի ձևակերպումը, որովհետև այսօրվա իշխանությունները հայտարարել են, որ մենք անցում ենք կատարում դեպի ժողովրդի իշխանություն և այս իրավիճակում շատ կարևոր է կրթության որակի բարձրացումը։ Եթե ցանկություն կա, որ երկրում ժողովուրդն ունենա վճռորոշ ձայն և երկիրը  դառնա ժողովրդավարական, ապա  պարտավոր ենք ունենալ բաձրակարգ կրթություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կրթության նոր օրակարգին և ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2018-2020 թվականների ծրագրում կրթությունը չի դիտարկվում որպես առաջնահերթություն։ Այնտեղ խոսվում է IT ոլորտի մասին, որը նույնպես կարևոր է, սակայն, ըստ փորձագետի, հասարակությունը դրանով չի կարող համապարփակ զարգանալ, այսինքն՝ հասարակության 50-60 տոկոսը չի կարող աշխատել այդ ոլորտում, այդ պատճառով էլ կրթությունն ավելի հիմնարար է։

«Այն, որ մենք այսօր IT ոլորտում ունենք թափուր տեղեր, պատճառն այն է, որ կրթական մակարդակը ցածր է և չենք կարող պատրաստել մասնագետներ, որոնք  կարող են այդ թափուր տեղերը համալրել։ Դրա համար մեզ այսօր իսկապես անհրաժեշտ է կենտրոնանալ կրթական հարցերի վրա։ Բայց հիմա էլ ունենք մի վիճակ, երբ ընտրությունները, քաղաքական գործընթացները, մարդկանց ձերբակալությունները հասարակության համար շատ ավելի դրամատիկ են, քան կրթությունը։ Կրթության ոլորտի  դժբախտությունը եղել է այն, որ այդ դրամատիզմը չկա, որի պատճառով էլ հաճախ դուրս է մնում հանրային ուշադրությունից»,- շեշտեց Ս. Խաչատրյանը։

Ըստ Սերոբ Խաչատրյանի, կրթության նոր օրակարգ ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել մարդկանց հետ, ինչպես կրթության ոլորտի ներկայացուցիչների՝ դասախոսների, ուսուցիչների, դաստիարակների, այնպես էլ ընդհանուր հասարակության։
Նա նաև նկատեց, որ մինչ այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները ձախողվել են այն պատճառով, որ ուսուցիչների և դասախոսների մեծ մասը դեմ են եղել այդ բարեփոխումներին։

Կարդացեք նաև

«Այսօր կրթության և գիտության նախարարության թիվ 1 խնդիրն է՝ հստակ տեսլական դնել սեղանին և մարդկանց ասել, որ մենք ճանապարհը տեսնում ենք այսպես, նաև՝ համոզել, որ Հայաստանի նման երկրի համար սա է լավագույն ճանապարհը, որովհետև եթե մարդկանց չհամոզեցիր, ապա ոչինչ չի ստացվի։ Շատ կարևոր է նաև մարդկանց ոգևորել: Օրինակ, կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դասախոսներն ու ուսուցիչները հոգնած են։ Նրանք այս տարիների ընթացքում ինչ-որ բաներ փորձել են, չի ստացվել և հիմա նրանց մոտ կա հոգնածություն, որը հաղթահարելու համար պետք է ոգևորվածության միջավայր»,-ասաց Ս. Խաչատրյանը և նկատեց, որ թեև կրթության բյուջեն աճում է, սակայն այն չի անդրադառնալու ուսուցիչների բազային աշխատավարձերի վրա։

Կրթության ոլորտը բարելավելու համար Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտ է համարում նաև ուսումնական ծրագրերի վերանայումը, քանի որ այն ծրագրերն ու չափորոշիչները, որոնք կիրառվում են այսօր, ընդունվել են 2005-2006 թվականներին և վերանայվել են 2011-12թթ.։

«Այսօր դասագրքերը տպագրելիս՝ մենք դրանք վերահրատարակում ենք, այսինքն՝ չենք կարող փոխել, որովհետև պետք է նոր ծրագիր ու չափորոշիչներ լինեն։ Այս իմաստով, սա շատ հարմար պահ է, որպեսզի իրականացնենք փոփոխություններ և այստեղ պետք է կատարվի որակական փոփոխություն։ Եթե մենք ինչ-որ թեմաներ կրճատենք, բեռանաթափենք, ապա հարցը չի լուծվի, ամբողջությամբ պետք է փոխվի կրթության բովանդակությունը և կրթությունը պետք է կենտրոնանա մտածելու վրա»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս