Վիճակագրական կոմիտեի յուրահատուկ նվերն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովը հերթական անգամ քննարկում էր վարչապետի ընտրության հարցը: Մինչ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 1 ժամ շարունակ իրականությունը խեղաթյուրող 10 «փաստերի» մասին ելույթ էր ունենում և մանիպուլյացնում տնտեսության զարգացումները՝ պատգամավորներին համոզելով իրեն չընտրել, նրա համար շատ հետաքրքիր անակնկալ էր նախապատրաստում Վիճակագրական կոմիտեն: Հիշեցնենք, որ այդ օրը Փաշինյանը 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու այն «տրանսֆորմացիայի» գործընթաց է:
Ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր ամսվա 20-ին կամ դրան հաջորդող աշխատանքային օրը ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս հրապարակումն իր բովանդակությամբ ներառում է շտապ հավաքագրված տվյալները, որը հետագայում ճշգրտվում է: Սրանից հետո, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից 1 ամիս հետո, Վիճակագրական կոմիտեն հրապարակում է արդեն ճշգրտված տվյալները, որը, հնարավոր է, որոշակիորեն շեղվի օպերատիվ տվյալներից:
Համաձայն վերոնշյալ սցենարի, այս տարվա հոկտեմբերի 22-ին հրապարակվեց 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն հրապարակված տվյալների՝ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության (ՏԱ) ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել էր ընդամենը 0.2 տոկոս: Հսկայական անկում էր արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերությունը ևս մոտենում էր զրոյին:
Այն, որ հրապարակված ցուցանիշներն արձանագրեցին, որ տնտեսությունը մոտենում է 0-ական վիճակին, 10-օր անց կայացած իր ելույթի ընթացքում հաստատեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սակայն այն, որ Փաշինյանի ելույթի ընթացքում Վիճակագրական կոմիտեն մի գեղեցիկ անակնկալ էր պատրաստում վարչապետի պաշտոնակատարի համար, թերևս, դժվար էր գուշակել:
Նոյեմբերի 2-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին, որտեղ ներկայացրեց 9 ամիսների կտրվածքով ճշգրտված մակրոտնտեսական ցուցանիշները: Առաջին և, ըստ էության, ամենաուշագրավ ցուցանիշը սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվությունն է: Եթե ըստ օպերատիվ հավաքագրված տվյալների՝ այն 0.2 տոկոս էր, ապա ընդամենը 10 օր անց, ճշգրտված ցուցանիշները փաստեցին, որ տնտեսական անկումն ընդհանրապես սարերի ետևում չէ: Ճշգրտված տվյալների համաձայն՝ սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 0.2 տոկոսի փոխարեն՝ գրանցվել է բացասական -0.1 տոկոս տնտեսական ակտիվություն:
Մի խոսքով, սեպտեմբեր ամսին տնտեսական վիճակը ավելի վատ է, քան նախապես հրապարակվել էր:
Հետաքրքիրն այն է, որ սովորաբար Վիճակագրական կոմիտեն առավել պահպանողական է մոտենում ցուցանիշների հրապարակմանը, որպեսզի ճշգրտման արդյունքում էական վայրիվերումներ չարձանագրվեն, բացի այդ, իշխանությունները ցուցանիշների ճշգրտման հնարավորությունը երբեմն չարաշահում են՝ այդպիսով համեմատաբար բարելավելով չգոհացնող ցուցանիշները: Այս դեպքում, սակայն, կարծես թե աշխատել է լրիվ այլ տրամաբանություն, և նախնական տվյալների հրապարակման ժամանակ եղել է այն մոտեցումը, որ հանկարծ բացասական ցուցանիշ չարձանագրվի:
Եվ, քանի որ ցուցանիշը շատ մոտ է 0-ին, Ստեփան Մնացականյանի ղեկավարած կառույցը որոշել է խնայել Փաշինյանին՝ հրապարակելով 0.2 տոկոս ՏԱ ցուցանիշ, որը 10 օր անց ճշգրտվել է -0.1-ով: Սա մարքետինգային տեսանկյունից շատ կրեատիվ մոտեցում էր, քանի որ սկզբնական բացասական արձագանքը կանխվեց այն լղոզված մեկնաբանությամբ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, պարզապես աճ չկա: Իսկ հետո, երբ դրա ազդեցությունը մարեց, հրապարակվեց -0.1 տոկոս ցուցանիշը, որի արդարացումն էլ այն էր, որ՝ «Դե, որտեղ 0.2-ը, այնտեղ էլ -0.1-ը, շատ չեն տարբերվում»:
Այս պարզ մանիպուլյացիայի միջոցով Փաշինյանի կառավարությանը հաջողվեց բոլորի ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ սեպտեմբեր ամսին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ գրանցվեց տնտեսական անկում, և սա՝ այն պարագայում, որ տարին սկսել էինք երկնիշ աճով:
Սա, իհարկե, մտահոգիչ է, սակայն ավելի մտահոգիչ է այն, որ վարչապետի պաշտոնակատարը փորձ է անում բացասական այս զարգացումները ներկայացնել դրական լույսի ներքո:
Փաշինյանն Ազգային ժողովում մեկ ժամ շարունակ խոսում էր տնտեսության տրանսֆորմացիայի դրական կողմերի մասին՝ առանց տեսնելու, որ իր մատնանշած տրանսֆորմացիան լրիվ սխալ ուղղությամբ է գնում, և տնտեսության զարգացման հիմնական մասը բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտներին, և այստեղ հարց է առաջանում՝ ավելի լավ չէ՞, Փաշինյանի բառերով ասած, «հանքը քանդենք՝ ծախենք», քան թե առնել-ծախելով և խաղադրույք կատարելով՝ Վիճակագրական կոմիտեում թիվ նկարենք:
Մաքսիմ Մուսինյան