Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհին՝ կառավարությունն ակնկալում է քաղհասարակության ակտիվ մասնակցությունը. ԱԳ փոխնախարար
«Հայաստանի Հանարպետության և Եվրամիության հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին ՀՀ խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։
Համաձայնագրում ներառված դրույթների 80 տոկոսը հուլիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Որպեսզի հնարավոր լինի համաձայնագիրը կիրարկել ամբողջությամբ, պարտադիր պայման է, որ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու անհրաժեշտ ներպատկան կարգերն ավարտին հասցվեն»,- այս մասին խորհրդարանում ԱԺ եվրոպական ինտեգրման, ֆինանսկան և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։
Ըստ նրա, մինչև օրս համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել են Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվիան, Բուլղարիան, Ռումինիան և այլն, կան երկրներ էլ, որոնք մասամբ են իրականացրել իրենց ներպատական ընթացակարգերը, բայց մոտ ժամանակներում սպասվում է ամբողջական վավերացում, որի ուղղությամբ դիվանագետներն իրականացնում են ակտիվ աշխատանքներ։
Կարեն Նազարյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, վերստեղծված և թարմացված միջգերատեսչական հանձնաժողովն այժմ փորձում է վերջնակետին հասցնել, ամփոփել համաձայնագրից բխող միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը և այն փոխանցել ԵՄ կողմին՝ համատեղ քննարկելու և հետագայում հաստատելու ակնկալիքով։
«Համաձայնագրի կիրարկման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարևորում է հայաստանյան քաղհասարակության ակտիվ մասնակցությունը, ինչը երկրում առկա քաղաքական մշակույթից զատ, նաև համաձայնագրից բխող երկկողմ պարտավորություն կամ հանձնառություն է»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը և նկատեց, որ հուլիսի 13-ին Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտել էր ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ամրապնդումը, ինչը հնարավոր է դարձնում նաև կայունության և խաղաղ զարգացման նպատակների իրագործումը։
«Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք նշել Արևելյան գործընկերության 10-ամյակը, այն նախատեսվում է անցկացնել 2019 թվականի մայիսին՝ Բրյուսելում, սպասվում է, որ հոբելյանական յուրաքանչյուր երկիր հանդես կգա որևէ նախաձեռնությամբ: Այս առումով ակնկալում ենք հավելյալ քննարկումներ, այդ թվում՝ ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Առաջարկել եմ, որ հեբելյանական տարում գագաթնաժողովներ անելու փոխարեն, անցկացնեինք քննարկում, գնահատեինք անցած ճանապարհը և ապագայի համար նախանշել մեր անելիքները»,- շեշտեց Կարեն Նազարյանը։
Զվարթ Խաչատրյան