Չինական հրաշքներ. օր առաջին` Պեկին և Արգելված քաղաք
Մոսկվայի օդանավակայանից 7,5- ժամանոց երկար ու հոգնեցուցիչ թռիչք, որից հետո հայտնվում ես աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկում` Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Քանի որ «Արմենպրես»-ի կողմից մեկնել էի գործուղման ու գիտեի, որ ինձ Չինաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները դիմավորելու են օդանավակայանում, սկսեցի բազմաթիվ անուններով ցուցանակների մեջ փնտրել անունս:
Այն տեսա միջին տարիքի ու հասակի մի չինացու ձեռքում, մոտեցա ու անգլերեն դիմելուց հետո Չինաստանում հանդիպեցի առաջին անակնկալին. չինացին ռուսերեն ողջունեց, ասաց, որ իրեն կարող ենք դիմել Միշա անունով:
Օդանավակայանից Միշան նստեցրեց ինձ համար նախատեսված մեքենան ու վարորդին կարգադրեց հասցնել հյուրանոց: Ինքն էլ մնաց, քանի որ, չնայած գիշերվա շատ ուշ ժամին, պետք է աշխարհի տարբեր ծայրերից ժամանող իմ գործընկերներին դիմավորեր:
Մեքենան նստելուց հետո հասկացա, որ վարորդը ոչ անգլերեն, ոչ էլ ռուսերեն չի հասկանում, իսկ քանի որ հայերեն կամ չինարեն շփվելն առավել ևս անհնար էր, ստիպված սկսեցի օդանավակայանից հյուրանոց տանող ճանապարհին զմայլվել մշակույթով ու գեղեցիկ շենքերով հարուստ մայրաքաղաքով:
Ինչպես և նախատեսված էր մեզ տրված ծրագրով, հաջորդ առավոտյան արթնացա շատ վաղ, որպեսզի հանդիպեմ հրավիրող կողմին, և մեկնենք առաջին ճանաչողական այցին: Յան Ֆանը, ով ՉԺՀ ԱԳՆ աշխատակից էր և մեզ հետ էր լինելու ուղևորության ողջ ընթացքում, մեզ ծանոթացրեց Պեկինի մեր ուղեկցորդի հետ: Երիտասարդ, միջին տարիքի տղա, ում դեմքը փակված էր բժշկական դիմակով: Պարզվեց, որ Պեկինում օդն այդ օրը բավական աղտոտված էր ու փողոցում այդպիսի դիմակներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիների կարելի էր տեսնել: Ես, սակայն այդ աղտոտվածությունը չզգացի, երևի անսովոր էր, կամ էլ շատ էի սովոր ու Երևանի և Պեկինի այդ աղտոտված օդի մեջ ամենևին տարբերություն չէի զգում: Հասավ ծանոթության պահը, մեր ուղեկցորդն անգլերենով ներկայացավ, ասաց իր իրական անունը, որը 3 վանկից բաղկացած տիպիկ չինացու անուն-ազգանուն էր, և միանգամից ավելացրեց, որ այն չենք հիշելու, որ իրեն կարող ենք Դեյվիդ անվանել: Պարզվեց, որ ճիշտ էր, չնայած մեր 16-հոգիանոց լրագրողների խումբն այդ պահին մի քանի անգամ բարձրաձայն ու մտքում կրկնեց նրա անունը, բայց մինչև Պեկինում անցկացրած մեր վերջին օրը նրան Դեյվիդ էինք ասում:
Չինացի Դեյվիդն առաջին օրը մեզ ուղեկցելու էր Չինաստանի առաջին հրաշքը տեսնելու` Արգելված քաղաքը (չինարեն «Զիջին չենգ» անվանումից: «Զի» նշանակում է մանուշակագույն և վերաբերում է Բևեռային աստղին, որը հնագույն Չինաստանում կոչվում էր «Զիուեյ» աստղ և չինական ավանդական աստղագիտության մեջ Երկնային կայսրության բնակատեղին էր) ու Կայսերական պալատը:
Աշխարհի ամենամեծ պալատային համալիրը, որը դարեր շարունակ եղել է չինական տարբեր դինաստիաների կայսրերի նստավայրն ու քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Աշխարհի չորս կողմերից ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ գալիս են տեսնելու այդ քաղաքը քաղաքի ներսում: Արգելված քաղաքի ամեն մանրուք հաշվարկված ու չափված է, հասցված կատարելության: Շինությունների կարմիր ու դեղին երանգները խորհրդավորություն ու զգոնություն են ներշնչում՝ հիշեցնելով, որ գտնվում ես կայսեր նստավայրում՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ շուրջ մեկ դար արդեն կայսրեր չկան:
Հսկայական տարածք զբաղեցնող Արգելված քաղաքի գրեթե կենտրոնին հասնելով՝ հասկացանք, որ մեզանից մեկը բացակայում է: Մարդկանց անվերջանալի հոսքի մեջ կորցրել էինք մեր ռուս գործընկերոջը` Ռուստամին: Ետ վերադառնալն անիմաստ էր, որովհետև դժվար թե հազարավոր մարդկանց մեջ կարողանայինք գտնել նրան, հետո էլ կարելի էր ենթադրել, որ զբոսաշրջիկների հոսքը նրան մեզնից առաջ է տարել: Տեսարժան վայրերը նայելով ու քաղաքի մի ծայրից մյուսը անցնելով ամբողջ ճանապարհին գոռում էինք Ռուստամ, և հույս չկար, որ կգտնեինք մեր ռուս գործընկերոջը: Բայց գտանք: Նա մեզ սպասում էր Արգելված քաղաքի հակառակ կողմում` էքսկուրսիայի վերջնակետում: Ինչքան մենք էինք մտահոգ, որ նրան չենք կարողանա գտնել այլևս, այնքան էլ նա էր վախեցած, քանի որ ոչ հյուրանոցի անվանումն էր հիշում, ոչ էլ իր բջջային հեռախոսն էր լիցքավորված:
Մեր գործընկերոջը գտնելուց հետո թեթևացած շունչ քաշեցինք և ուղևորվեցինք հյուրանոց, այդպես ավարտվեց մեր ճանաչողական այցի առաջին օրը, սակայն ես, Ռուստամը և մեր մյուս երկու գործընկերները Ղազախստանից ու Ուզբեկստանից, ցանկացանք շրջել երեկոյան Պեկինով, և ականատես եղանք ևս մեկ զարմանալի իրադարձության:
Երբ թեյի կրպակի վաճառողն իմացավ, որ մեր մեջ ռուս կա, ասաց, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի սկզբին այցելելու է Չինաստան, որի համար իրենից նախօրոք արդեն թեյ են պատվիրել, և ցույց տվեց պատվիրված թեյի գեղեցիկ տուփը: Պատկերացնո՞ւմ եք Ռուստամի հայացքը, ով ռուսական gazeta.ru-ի խմբագիրներից էր ու թեյավաճառ չինացուց էր տեղեկանում իր նախագահի այցի մասին: Մանավանդ, որ այդպիսի գրեթե բոլոր արտագնա այցերին Ռուստամը մեկնել էր հենց Վլադիմիր Պուտինի հետ: Այդքանից հետո մնում էր սպասել նոյեմբերին, որպեսզի ստուգեինք տեղեկության իսկությունը:
Այսպես ավարտվեց Պեկինում մեր անցկացրած առաջին օրը, որը լի էր գեղեցկությամբ, մշակույթով և անակնկալներով, սակայն սա դեռ միայն սկիզբն էր, և մեզ բազում փորձություններ էին սպասում:
Նորայր Շողիկյան
Երևան-Պեկին-Երևան