Լավ ու վատ աշխատող ուսուցիչներին տարբերակելու մեխանիզմներ չկան
Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր են։ Բայց ուսուցիչների սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այս իրողության արդյունքում ուսուցիչները ստիպված են զուգահեռ կատարել այլ աշխատանքներ։ Օրինակ՝ գյուղաբնակ ուսուցիչները զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։
Քաղաքներում ուսուցիչների զգալի մասը դասերից հետո աշխատում են՝ որպես դասապատրաստող կամ կրկնուսույց։ Կան նաև այլ տիպի աշխատանքներ կատարող ուսուցիչներ։ Այս ամենի արդյունքում, ըստ մասնագետների, տեղի է ունենում ուսուցիչների մասնագիտական հետընթաց։ Ակնհայտ է, որ ուսուցիչներն այլ աշխատանքներից ավելի բարձր եկամուտ են ստանում, քան ուսուցչի աշխատանքից։ Հետևաբար՝ ուսուցիչների զգալի մասի համար դպրոցում դասավանդելը դառնում է երկրորդական աշխատանք։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ նույն մարդը որպես ուսուցիչ՝ ավելի վատ արդյունք է տալիս, քան՝ որպես կրկնուսույց։ Նման գործելակերպի պատճառներից մեկն այն է, որ լավ կրկնուսույց լինելու արդյունքում նրա եկամուտներն աճում են, իսկ լավ ուսուցիչ լինելը ոչինչ չի տալիս։
Մեր կրթական քաղաքականության էական բացթողումներից մեկն այն է, որ չունենք լավ ուսուցիչներին խրախուսելու և վատ ուսուցիչներից ձերբազատվելու արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ՝ կան մասնագիտություններ, գործունեության ձևեր, որոնցում վատ աշխատանքի հետևանքներն անմիջապես իրենց զգացնել են տալիս։ Դուք չեք կարող լինել վատ բժիշկ և ունենալ շատ հիվանդներ։
Կամ ռեստորանային բիզեսը։ Ձեր ռեստորանը երկար կյանք չի ունենա, եթե կերակուրները որակյալ չլինեն։ Բայց Հայաստանի կրթության ոլորտում հնարավոր է լինել վատ մանկավարժ և ունենալ ավելի շատ ժամաքանակ, քան լավ ուսուցիչը։ Հնարավոր է լինել վատ մանկավարժ և դառնալ տնօրեն։ Հենց այս պատճառով կրթության ոլորտում գերիշխում է իներցիոն աշխատաոճը։ Շատերը մտածում են, որ, եթե տարբերություն չկա լավ ու վատ աշխատանքի միջև, ինչո՞ւ հավելյալ ջանք գործադրել։
Եվ քանի որ լավ աշխատանքը չի նկատվում ու գնահատվում, մեծ մասը սկսում է վատ աշխատել։ Վատ աշխատանքի արդյունքը լինում է այն, որ պետությունն ուժեղացնում է բյուրոկրատիան և հսկողությունը, փոխվում է քննությունների անցկացման վայրը։ Ուսուցիչներից և տնօրեններից պահանջում են բազմաթիվ տվյալներ, հաշվետվություններ, քանի որ չկա վստահություն։ Ավելանում է քննությունների, ստուգումների հաճախականությունը։ Զգալի ժամանակ ծախսելով հաշետվություններ գրելու, քննական առաջադրանքներ ստուգելու վրա՝ ուսուցիչներն ավելի քիչ ժամանակ են ծախսում դասավանդման հարցերի, մասնագիտական զարգացման համար։
Մասնագիտական զարգացման տեսանկյունից հատկապես լուրջ խնդիրներ կան գյուղական դպրոցներում։ Հայաստանի ուսուցիչները յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պետք է անցնեն վերապատրաստում։ Քանի որ Հայաստանի շատ գյուղերի դպրոցներում կա տվյալ առարկայի մեկ մասնագետ, ապա նշանակում է, որ այդ ուսուցիչները 5 տարվա ընթացքում կարող է որևէ դասընթացի չմասնակցեն, նույն առարկան դասավանդող որևէ ուսուցչի հետ չհանդիպեն։ Այլ կերպ ասած, գործեն կատարյալ մասնագիտական մեկուսացման պայմաններում։ Այս խնդիրն առկա է նաև քաղաքներում աշխատող բազմաթիվ ուսուցիչների մոտ, ովքեր ունեն գործընկերներ նույն կամ հարևան դպրոցներում, բայց չեն օգտագործում այդ հնարավորությունը։ Հատկապես 21-րդ դարում մեկուսացած ուսուցիչը որևէ հնարավորություն չունի լավ աշխատելու։
Երբ ուսուցիչները չունեն գործընկերների հետ հաղորդակցվելու հնարավորություն, ապա նրանք չեն զգում իրենց մասնագիտական հետընթացը։ Եթե ուսուցիչը գյուղի դպրոցի քիմիայի միակ մասնագետն է, ապա ո՞վ պետք է այդ ուսուցչի վարած դասերին մասնագիտական գնահատական տա։ Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասը չունի սեփական գործունեությունն օբյեկտիվ վերլուծելու, սեփական սխալները տեսնելու կարողություն։ Դա կարող են անել միայն այլ մարդիկ։ Իսկ եթե այդ մարդիկ չկան, ապա ուսուցիչը կարող է չնկատել, որ դասերի ձախողման պատճառներից մեկն էլ իր մասնագիտական հետընթացն է։
Այս առումով Հայաստանում լուրջ անելիքներ կան։ Գիտելիքի, փորձի տարածման, ուսուցիչների համագործակցության հարթակներ Հայաստանում գրեթե չկան։ Մինչդեռ մասնագիտական աճը հնարավոր է միայն հաղորդակցման, փորձի փոխանակման, սովորելու ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում։ Միայն սովորող ուսուցիչը կարող է լավ սովորեցնել։
Շատ դեպքերում կառավարությունները լուծումը տեսնում են ուսուցիչ դառնալու պահանջները խստացնելու մեջ։ «Եթե միայն լավ մասնագետներին աշխատանքի ընդունենք, ապա իրավիճակը կլավանա»,- մտածում են կառավարիչները։ Բայց այս դեպքում էլ փորձն այլ բան է ցույց տալիս։ Բոլոր այն երկրները, որոնք խստացնում են ուսուցիչ դառնալու պայմանները, բախվում են ուսուցիչների թվի նվազման խնդրին։ Շատ քչերն են ուզում աշխատել մի համակարգում, որում կան խիստ պահանջներ, բայց ցածր աշխատավարձ։ Հետևաբար, լավագույն ելքն այն է, որ ուսուցիչ դառնալու պայմանները խստացնելու փոխարեն՝ մտածենք ուսուցիչների համար մասնագիտական զարգացման բարձրակարգ դասընթացներ կազմակերպելու մասին։
Ուսուցիչներին պետք է հնարավորություններ տրվեն նաև մեկնելու միջազգային կոնֆերանսների, հանդես գալու զեկուցումներով։ Օրինակ՝ ամեն տարի մեկ ուսուցչի ավտոմեքենա տալու փոխարեն՝ կարելի է 10 ուսուցչի հնարավորություն տալ իրենց մասնագիտական փորձը ներկայացնելու միջազգային հարթակներում։ Ճիշտ է, հնարավորությունները մեծացել են, բայց Հայաստանի կրթության ոլորտի աշխատողների շատ քիչ մասն է կապակցված աշխարհի հետ։