«ՀՀԿ-ն նախորդ անգամ էլ որևէ ազդեցություն չուներ, որովհետև հայտարարել է, որ դեմ է, և նորմալ է նրա պահվածքը»

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հոկտեմբերի 26-ին երկրորդ անգամ քննարկվեց ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ու կրկին դրական եզրակացության արժանացավ: Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, այն կրկին կքննարկվի խորհրդարանում՝ արտահերթ նիստում:

Ի՞նչ ճակատագրի կարժանանա նախագիծն այս անգամ: Արդյո՞ք այն կրկին կմերժվի, թե՞ այնուամենայնիվ, նոր Հայաստանի ընտրությունները կանցկացվեն նոր օրենսգրքով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախագիծը կընդունվի, թեև հավելեց, որ չի կարող վստահ ասել:

«Այսօր անհրաժեշտ ձայներ տեսականորեն կան, պետք է պարզապես նրանց ներկայությունը լինի: Ներկայությունն էլ ամեն մարդու խնդիր է»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ իրենք հակված են, որ նաև ՀՀԿ գործընկերների զգալի հատվածի կողմից ողջամիտ որոշում կլինի, և նրանք կգան, կմասնակցեն աշխատանքներին. «Եվ ոչ միայն կմասնակցեն, այլ նաև իրենց դրական խոսքը, կարծիքը կասեն քվեարկությամբ, որովհետև նոր Հայաստանում նոր իրողություններ են, և նոր ԸՕ-ն հրամայական է, ցանկություն է և պահանջ է ժողովրդի կողմից, և պետք է իրականություն դառնա»:

Նա վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր կազմով ներկա է լինելու արտահերթ նիստին, թեև այս պահի դրությամբ արդեն հայտնի է, որ խմբակցության 2 պատգամավորներ բացակայելու են, քանի որ երկրում չեն լինելու: Գագիկ Ծառուկյանն այդ բացակաների թվում չի լինի:

ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ ինչպես և նախորդ անգամ, դեմ է քվեարկելու: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հորդորեց զուտ քաղաքական տեսանկյունից մոտենալ խնդրին.

«Միևնույն է, շահարկումներ պետք է լինեն, բայց մեր մտածելակերպը զուտ քաղաքական է: Իրոք, կարող է, մեր շահերից ելնելով՝ նոր ԸՕ-ն ընդունելի է, բայց քաղաքական տեսանկյունից, հետևեք միջազգային արձագանքներին, անթույլատրելի է պարզապես: Եթե ԸՕ-ն ընդունվի, դեռ մի 15 օր պետք է, որ այն ուժի մեջ մտնի, և ընդամենը 20-25 օր է մնում, որ քաղաքական ուժերը պատրաստվեն ընտրությունների: Դա անթույլատրելի է, աշխարհի որևէ երկրում չկա, որ ընտրություններից 20 օր առաջ ԸՕ փոփոխվի: Եվ էական չէ, որ ՀՀԿ-ն չի իշխանություն, քաղաքական դաշտի կայացման և ապագայի մասին է խոսքը, որ ձևավորվի նորմալ ԱԺ: Ես ասում եմ՝ մեկ տարի հետո կլսեք կարծիքներ, թե ինչպիսին կլիներ Ազգային ժողովը, եթե այս շտապողականությունը չլիներ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելուն հավակնող մյուս ուժերը դիտավորյալ խոչընդոտում են Ընտրական օրենսգրքի ընդունմանը, քանի որ նոր օրենսգրքով՝ ԱԺ պետք է անցնեն 4 ուժեր, և ընդդիմադիր տեղերն իրար մեջ կիսելու խնդիրը սրանում է, մրցակցությունն ուժեղանում է, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.

«Իսկ ումի՞ց են նրանք այդպես շատ խուսափում, որ կայացած քաղաքական գործիչներ խորհրդարանում չլինեն, որ ինչ ցանկանան, անե՞ն: Ո՞ւմ է ձեռք տալիս, որ կայացած քաղաքական գործիչները կամ ՀՀԿ-ն չլինեն խորհրդարանում: Իրենց ձեռք է տալիս, որ իրե՞նք լինեն միայն, որովհետև մեր ֆոնի վրա իրենք այդքան էլ լավ չեն երևում»:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե բոլոր այն պատգամավորները, որոնք խոստացել են սատարել վարչապետին և նրա ծրագրերին, գան ու իրենց խոսքը չդրժեն, ԸՕ-ն պետք է ընդունվի, որովհետև այդպիսիք 65 հոգի են, այդ թվում՝ ՀՀԿ-ից դուրս եկած 18 պատգամավորը, իսկ նախագծի ընդունման  համար անհրաժեշտ է 63 ձայն:

ՀՀԿ-ից որևէ վտանգ Գորգիսյանը չի սպասում. «ՀՀԿ-ն նախորդ անգամ էլ որևէ ազդեցություն չուներ, որովհետև հայտարարել է, որ դեմ է, և նորմալ է նրա պահվածքը: Խնդիրն այն մարդիկ են, որ հայտարարել են, որ կողմ են, ու չներկայացան քվեարկությանը: ՀՅԴ-ից ու «Ծառուկյանից» բացականեր կային, սա էր խնդիրը, և հիմա նրանցից է կախված՝ սա կընդունվի՞, թե՞ չէ»:

Մյուս ուժերի կողմից օրենսգրքի նախագծի ընդունմանը խոչընդոտելու մոտիվացիան Գ.Գորգիսյանին հայտնի չէ. «ԸՕ-ն բավականին դրական կետեր ունի, այդ մոտիվացիան ես չեմ կարող բացատրել: Այս քաղաքական իրավիճակում ուժերը պետք է հուսան, որ գոնե խորհրդարան անցնող 4-րդ ուժն իրենք կլինեն»:

Տեսանյութեր

Լրահոս