«ԱՄՆ-ը մրցակցելու է Ռուսաստանի հետ նաև Հարավային Կովկասում»․Սկակով

«Դեսպան Բոլթոնը պարզ հասկացրեց, որ արտաքին ազդեցությունը թուլացնելու համար հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցին և հնչեցրած դիտարկումներին։

Նշենք, որ Ջոն Բոլթոնը Երևանում ասել էր, որ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածը հարմար է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վճռական քայլեր իրականացնելու համար։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ը պետք է դիտարկի հակամարտող կողմերին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը։

Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյայի այցի նպատակը Հարավային Կովկաս պետք է դիտարկել գլոբալ կոնտեքստում։ Ըստ նրա, հարավկովկասյան առանձին երկրների հետ ԱՄՆ-ը համագործակցություն խորացնելու նպատակ չունի, ինչը բացահայտվեց Բոլթոնի կովկասյան շեշտադրումների միջոցով։ Սկակովի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգներին հետաքրքրում է Իրանի դեմ քաղաքականությունը և այն, թե որ երկրների հետ կարող է ԱՄՆ-ը համագործակցել Իրանի դեմ, Սիրիայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ այս երկրներն ինչ դիրքորոշում ունեն, և ինչպես նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Դեսպան Բոլթոնը պարզ հասկացրեց, որ արտաքին ազդեցությունը թուլացնելու համար հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը ազդեցություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ռուսաստանն այդ ազդեցությունն օգտագործել է ի օգուտ կողմերի, բոլոր դրական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ։

Այս այցի ընթացքում տեսանելի դարձավ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը մրցակցելու է, գերտերությունների մրցակցությունը արտահայտվում է նաև այս տարածաշրջանում, և ԱՄՆ-ը դեմ չի լինի նախաձեռնությամբ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Սակայն որքան էլ իշխանություններն ունենան նման պատրաստակամություն, կողմերը դրան պատրաստ չեն, և դա լուրջ հարց է ցանկացած իշխանության համար։ Իրենք՝ կողմերը ևս, հասկանում են, որ կապերը Ռուսաստանի հետ շատ ամուր են։

Պարզապես Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերադասավորումները հույս են փոխանցել Միացյալ Նահանգներին, որ չնայած ՀՀ հայտարարություններին, լինեն վեկտորի փոփոխություններ, որոնք թույլ կտան լուծել ԱՄՆ-ի միջնորդությամբ ԼՂ հակամարտությունը և շատ այլ հարցեր այս տարածաշրջանում»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։

Տեսանյութեր

Լրահոս