«Հաշվի առնելով կոմունիկացիոն և անվտանգային խնդիրները՝ Հայաստանն աչքի լույսի պես պետք է պահի Իրանի հետ սահմանի բարեկամական բնույթը». Գարիկ Քեռյան

Բոլթոնի Հայաստան կատարած այցի շուրջ 168.am-ը  զրուցել  է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ։

– Պարոն Քեռյան, Ձեր կարծիքով՝ Բոլթոնի հայաստանյան այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքի վրա։

– Այս այցը կարող է դրական անդրադարձ ունենալ, քանի որ Ջոն Բոլթոնն այն անձնավորությունն է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մշակման և իրականացման գործում բավականին ճանաչված է: Այսինքն՝ երկրորդական պաշտոնյա չէ, և պետք է հուսալ, որ նրա այցը նպաստող կլինի։ Պարզապես Բոլթոնը Հայաստան ժամանեց Հայաստանում ներքաղաքական լայն փոփոխությունների պատկերին, և պետք է եզրակացություն անել, որ այն քաղաքական գործընթացները, որոնք գնում են Հայաստանում, ամենայն հավանականությամբ, դրական իմաստով ուշադրության են արժանացել ԱՄՆ ղեկավարության կողմից։

Միևնույն ժամանակ՝ չպետք է մոռանալ, որ հետխորհրդային տարածքը ռուսական և ամերիկյան կամ Արևմուտքի միջև բավականին թեժ տարածք է։ Այստեղ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է կանխել ռուսական ազդեցության վերականգնումը հետխորհրդային տարածքում, և այն երկրները, որոնք այս կամ այն կերպ հեղափոխական կամ արտաքին քաղաքական կուրսի փոփոխման ճանապարհով դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց, ձգտում է այդ երկրներին ցուցաբերել օժանդակություն։

Ընդանուր ռազմավարությունը սա է, թե կոնկրետ ի՞նչ գործիքակազմ կկիրառի ԱՄՆ նախագահի վարչակարգը Հայաստանի կամ մյուս երկրների նկատմամբ՝ ցույց կտա ապագան։ Պետք է արձանագրենք, որ Վրաստանի հստակ արտաքին քաղաքական կողմնորոշումը կարծես այլևս Արևմուտքի մոտ կասկած չի հարուցում, և արևմտյան առաջնորդները փորձում են հերթական քայլն անել՝ Հարավային Կովկասում այդ գոտու մեջ ներգրավելու նաև Հայաստանին։

Բայց միանշանակ ասել, որ սա կարող է շատ փայլուն հաղթանակով կամ հաջողություններով ավարտվել՝ ճիշտ չի լինի, որովհետև գոյություն ունի Արցախի հակամարտություն, Հայաստանի համար անվտանգային խնդիրներ, Հայաստանում ռուսական ռազմաբազա,  ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Հայաստանի դուրսբերումը ռուսական ազդեցության գոտուց  բավականին դժվար և խնդրահարույց է։

Այլ բան է՝ Բոլթոնի այցելությունից հետո Միացյալ Նահանգները կկարողանա՞ այս անվտանգային և տնտեսական կոմունիկացիոն խնդիրներին այնպիսի լուծում տալ, որով կապահովի ՀՀ-ի անվտանգությունը՝  Արցախի Հանրապետության հետ միասին։

– Բոլթոնի այցն ի՞նչ ազդեցություն կունենա առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

–  Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլեմենտար բնույթը մոտ ապագայում կպահպանվի։ Կտրուկ շեղումը մեկից մյուսը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ։ Իսկ թե մեկ-երկու տարվա ընթացքում ինչ զարգացումներ տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, կախված կլինի  Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ուժային հարաբերակցությունից՝ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

– Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն չի ցանկանում դրանով վնաս հասցնել իր բարեկամներին, ուստի կարծում է՝ ՀՀ-ի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցն այս թեմայի վերաբերյալ կարևոր է։ Այս պարագայում Հայաստանն ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի, եթե հաշվի առնենք հայ-իրանական ներկայիս հարաբերությունները։

– Կարծում եմ՝ հայ-իրանական հարցում  Հայաստանը պետք է շարունակի նախկին գիծը, այսինքն՝ նկատի ունենալով կումունիկացիոն և անվտանգային խնդիրները՝ աչքի լույսի պես պետք է պահպանի Իրանի հետ սահմանի բարեկամական բնույթը։ Իհարկե, Միացյալ Նահանգները կարող է որոշակի ցանկություն ունենալ, որպեսզի Հայաստանն էլ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, բայց չեմ կարծում, որ ԱՄՆ-ը այդքան եսասեր կլինի, որ չի մտնի Հայաստանի դրության մեջ։

Նա պետք է հասկանա, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, հայ-թուրքական սահմանը չի բացվել, և Հայաստանը կոմունիկացիաների առումով այլընտրանք չունի՝ ստիպել Հայաստանին մասնակցել Իրանի դեմ գործողությունների, նշանակում է՝ չմտնել Հայաստանի դրության մեջ։ Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և նոր իշխանությունները սա չկարողանան բացատրել ԱՄՆ-ին, իրենք էլ միշտ հասկացել են։ Նախկինում էլ այդպես է եղել, բոլոր այն պատժամիջոցները, որոնք ուղղված են եղել Իրանի դեմ, Հայաստանի պարագայում այդքան խիստ կերպով արձագանք չեն ստացել, այսինքն՝ խիստ կերպով չի պահանջվել Հայաստանից պահպանել այդ պատժամիջոցները։

Թե որքանով Միացյալ Նահանգներին և Արևմուտքին կհաջողվի Իրանի շուրջ սեղմել օղակը, դեռ հարցական է, քանի որ հենց Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցը՝ Եվրոպական միությունը, մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների ծրագիրը և Իրանի Միջուկային ծրագրի հարցում աջակցություն ցույց չի տալիս ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությանը։ Այնպես որ, դեռ իրենք իրենց մեջ պետք է միասնականություն հաստատեն և համոզված լինեն, որ Իրանի նկատմամբ քաղաքականությունն ինչ հաջողություններ ունի, այնուհետև մեր պետության նման փոքր պետությանն ուղղորդումներ տան։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Արևմտյան ստրատեգները բավականին լուրջ սխալ են գործում Իրանի նկատմամբ, Իրանի շուրջ սեղմելով օղակը՝ նրանք ավելի շուտ Իրանին մղում են Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության, որն Իրանին ոչ թե թուլացնում է, այլ ամրապնդում է նրա դիրքերը։

– Բոլթոնը հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի հարցի լուծումը կարագացվի։ Նա նկատի ուներ բանակցային գործընթացի վերսկսո՞ւմ, թե՞ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունն էր ամրապնդում՝ ազատագրված տարածքների հանձնում՝ Արցախի հիմնախնդրի լուծման դիմաց։

– Այս հարցը պետք է տրվի հենց Բոլթոնին, թե նա ինչ նկատի ուներ։ Պարզապես նա նկատի ուներ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը՝ և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմինը, կլինի մեկ քաղաքական ուժի ձեռքում, և, եթե այդ քաղաքական ուժն ունենա կամք, ապա կարող է ինչ-որ առաջընթաց արձանագրել, ընդհանուր սա նկատի ուներ։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ կառաջարկվի, որպեսզի Հայաստանը գնա այդ քայլին։ Բացի այդ, ուղղակի զարմանում եմ, որ քաղաքական շատ մեծ գործիչներն ու ստրատեգներ չեն խորանում այն իրողության մեջ, որ դեռևս չի որոշվել՝ այդ փոխզիջումային տարբերակի մեջ իրականում հայկական և ադրբեջանական կողմն ինչքա՞ն զիջումներ կարող են անել և ի՞նչն են զիջելու։

1988 թվականից մինչև օրս դեռևս որևէ փորձագետ կամ բանակցային կողմին մասնակցող մարդ չի կարողացել ճշտել 100 տոկոսով, թե Ադրբեջանն ինչն է զիջելու, իսկ մենք դրա դիմաց ինչ ենք զիջելու։

Ամեն անգամ մենք ընկնում ենք թյուրիմացության մեջ։ Մինչև այժմ ադրբեջանական կողմը մեզ զիջում համարում է Արցախի լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, սրանից որևէ քայլ առաջ նրանք երբևիցե չեն գանցել։ Այսպիսի դիրքորոշումներում՝ Բոլթոն չլինի, Աստված լինի, ի՞նչ կարող է անել, պետք է զիջումային սահմանը ճշտել, այնուհետև գնալ բանակցությունների։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս