Բաժիններ՝

Հայաստանում խախտվում են շատ ճարտարապետների հեղինակային իրավունքները՝ ամեն ինչ հասել է իր գագաթնակետին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը և Լևոն Վարդանյանը նամակով դիմել էին Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին, որտեղ իրենց մտահագությունն էին հայտնել առ այն, որ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվել էր նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել։

Ազնավուրի կեցավայրի հեղինակը վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է և, ըստ նամակի հեղինակների՝ այդ փոփոխությունները կատարելուց առաջ Ն. Սարգսյանի հետ չեն համաձայնեցրել։ Նրանք նամակում կոչ էին արել հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը և թույլ չտալ, որպեսզի խեղաթյուրվի կառույցների ճարտարապետական դիմագիծը։

Նշենք, որ ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանին ներկայացրել էին՝ որպես նախագծի հեղինակ։

Հիշեցնենք, որ 168.am-ի զրույցում Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրել էր, որ խնդրի վերաբերյալ անցկացնելու են խորհրդի նիստ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են լուծել այս հարցը։
Նամակի հեղինակներից Հովհաննես Մութաֆյանը նույնպես մասնակցել էր ճարտարապետների խորհրդի նիստին։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քննարկման ընթացքում բոլոր ճարտարապետներն ըմբռնումով են ընդունել բարձրացված հարցը, քանի որ այն գրեթե բոլոր ճարտարապետների ցավոտ կողմերից է։

«Քննարկումից հետո հայտարարվեց, որ ճարտարապետների պալատը մի քանի օրից հանդես կգա որոշակի հայտարարությամբ։ Ես հարց բարձրացրեցի, որ հայտարարությունը լինի հեռուստատեսությամբ, քանի որ Ազնավուրի կեցավայրը «վերակառուցող» ճարտարապետը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ինքն է այդ շինության հեղինակը։

Նա հեղինակ կարող է լինել այն ժամանակ, երբ իրավունք կունենա Հայաստանում նախագծեր անելու, բայց այս պահին նա լիցենզիա չունի։ Բացի այդ, քանի դեռ նախագիծը հաստատված չէ, ապա նա չի կարող լինել հեղինակ։ Այդ կառույցն արդեն ունի իր հեղինակը՝ Նարեկ Սարգսյան»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Արիս Ադամյանն ինչպե՞ս կարող էր լինել տվյալ կառույցի հեղինակը, երբ այդ նախագիծը հեղինակել է մեկ այլ ճարտարապետ, և հենց այս հանգամանքն է հարուցել նրանց զայրույթը, քանի որ Հայաստանում շատ ճարտարապետներ են բախվում այս խնդրին, երբ ոտնահարվում է նրանց հեղինակային իրավունքները։
«Այս դեպքն արդեն ամեն ինչ հասցրեց իր գագաթնակետին, որովհետև օգտվելով Շառլ Ազնավուրի համաշխարհային հեղինակությունից և ֆրանկոֆոնիայի պատմությունից, այդ ճարտարապետը վեր է կացել ու հայտարարել, թե կառույցի հեղինակն ինքն է»,- շեշտեց Հ. Մութաֆյանը։

Նա նաև ընդգծեց, որ գուցե Ազնավուրի կեցավայրն ունի փոփոխությունների կարիք, բայց ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի շինության հեղինակի հետ։

Հարցին, թե փոփոխություններ իրականացնելու համար ինչո՞ւ չեն դիմել հենց կառույցի հեղինակ Նարեկ Սարգսյանին, Հովհաննես Մութաֆյանը պատասխանեց, որ ենթադրում է՝ տվյալ ճարտարապետին ընտրել են՝ մտածելով, թե «Եվրոպայից է եկել և ամենագետն է, իսկ հայ ճարտարապետներն աֆրիկյան երկրներում են և չգիտեն՝ ինչ բան է ճարտարապետություն»։

«Ես այսպես եմ ենթադրում և սրա մեջ վատ բան եմ տեսնում»,- եզրափակեց ճարտարապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս