Բաժիններ՝

«Որևէ անգամ Նարեկ Սարգսյանի անունը չի հնչել, որ այդ կենտրոնի հեղինակն է, սա մեզ անհանգստացնում է». Ճարտարապետների միության նախագահ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը և Լևոն Վարդանյանը նամակով դիմել էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով և պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը՝ թույլ չտալով խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։

Ճարտարապետներն իրենց նամակում ներկայացրել էին, որ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվել էր նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել: Նրանց խոսքով՝ մտահոգիչ է, որ այդ փոփոխությունները չեն համաձայնեցվել նախագծի հեղինակ, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով ճարտարապետների այս մտահոգությանը, նկատեց, թե չգիտի` կեցավայրը փոխելու անհրաժեշտություն կա՞, քանի որ փոփոխությունների հարցը կապված է կեցավայրի տնօրինության հետ, և նայած, թե ինչ աշխատանքներ պետք է այնտեղ ծավալվեն։

«Ասեմ, որ միշտ էլ նման անհրաժեշտություններ լինում են, սակայն այստեղ մեզ անհանգստացնում է, որ չեն ցանկանում հեղինակին ներգրավվել, սա, իհարկե, տխուր բան է։ Որովհետև, եթե մենք ցանկանում ենք նոր ձևով աշխատել, ապա նման բաները պետք է բացառենք, և դրա համար այսօր մեր խորհրդի նիստում այս հարցը պետք է քննարկենք` հասկանալու համար` ինչից ելնելով հաշվի չեն առել հեղինակի կարծիքը, կամ ինչո՞ւ են գնում այդ փոփոխություններին՝ առանց հեղինակի հետ պայմանավորվածության ձեռքբերման։ Գոյություն ունեն էթիկայի նորմեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում և ճարտարապետների միջազգային միության հիմնական կետերից են։

Բացի այդ, ճարտարապետը որտեղ էլ լինի նա՝ անպայման պետք է հաշվի նստի տվյալ շինության առաջին հեղինակի հետ և առանց նրա թույլտվության որևէ բան չպետք է անի։ Դրսից եկած ճարտարապետը պետք է ունենա նաև տեղում աշխատելու իրավունք։ Սրանք մի քանի խնդիրներ են, որոնց վերաբերյալ նրանց հետ պետք է խոսենք, համաձայնության գանք և ճարտարապետների նամակին պատասխան տանք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով, եթե կեցավայրի տնօրինությունը կարծում է, որ փոփոխության ենթարկելուց հետո կենտրոնը կարող է լավ աշխատել, դրա մասին պետք է տեղեկացնի նաև շինության հեղինակին, և գուցե հիմնական նախագծողն ինքը տա լուծումներ։

«Հեղինակի խոսքը պետք է լինի գերակշիռ, հնարավոր է, որ նրանց կողմից ինչ-որ մեկը լինի և առաջին հեղինակի թույլտվությամբ աշխատի, նման դեպքեր շատ են եղել։ Որևէ անգամ Նարեկ Սարգսյանի անունը չի հնչել, որ այդ կենտրոնի հեղինակն է, սա, իհարկե, մեզ անհանգստացնում է, և մենք պետք է դիմենք նրանց, տեսնենք՝ ընդհանրապես ինչ բացատրություն ունեն։ Մենք խնդրի միայն մի կողմը գիտենք նամակի հեղինակների ներկայացմամբ, որը ճիշտ եմ համարում, պետք է լսենք երկրորդ կողմին ևս և նրանց համոզենք, որ աշխարհում գոյություն ունեցող այդ խնդիրները բոլորի համար մի տեսակ են աշխատում»,- եզրափակեց ճարտարապետների միության նախագահը։

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Շառլ Ազնավուրի կեցավայրը կառուցվել է Կասկադում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, կառույցի հեղինակը Նարեկ Սարգսյանն է։

Կեցավայրի կառուցման համար տրամադրվել է 1000 քմ տարածք և հատկացվել 678 մլն 91հազար դրամ: Կեցավայրի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2011 թվականին՝ ՀՀ երրոչդ նախագահ Սերժ Սարգսյանի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2017 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը հանդիսավոր արարողությամբ Շ. Ազնավուրին հանձնել էր կեցավայրի խորհրդանշական բանալին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս