Բաժիններ՝

«Հայաստանում երիտասարդներից քչերն են նախընտրում քիմիան, որովհետև հեռանկար չկա». Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսոր

«Հայաստանում երիտասարդներից քչերն են նախընտրում քիմիայի բնագավառը: Պատճառն այն է, որ հեռանկար չկա: Երբ ես ավարտեցի Երևանի պետական համալսարանը, շատ-շատ, պետք է գնայի դեղատուն բացեի, որովհետև այստեղ քիմիայի ասպարեզում որևէ բան անելը շատ դժվար կլիներ: Դրա համար մեկնեցի արտերկիր, շարունակեցի կրթությունս ու մնացի»,- 168.amի հետ զրույցում ասաց Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է այստեղ ստեղծվեն պայմաններ, որպեսզի ավարտող երիտասարդը երկրում մնալու ցանկություն ունենա: «Երիտասարդը պետք է տեսնի, որ այն, ինչ սովորել է՝ պիտանի է Հայաստանի համար, կարող են աշխատել, օգուտ բերել: Ոչ միայն փող պետք է աշխատեն, այլև աշխատանքի արդյունքը տեսնեն: Քիմիկոսները շատ կարևոր են աշխարհի, երկրի զարգացման համար»,- նշեց Սյուզաննա Հարությունյանը:

Անդրադառնալով դասավանդման հետ կապված խնդիրներին՝ նկատեց.
«14 տարի է՝ Հայաստանում չեմ, դժվար է դատել, կարծիք հայտնել դասավանդման մասին: Բայց ասեմ՝ օրինակ, Հոլանդիայում, որտեղ հիմա աշխատում եմ, կիրառվում են դասավանդման տարբեր մեթոդներ: Միայն դասախոսություններով, դրանք սովորելով ու քննություն հանձնելով չեն սահմանափակվում: Պրակտիկան շատ կարևոր է: Անհրաժեշտ է աշխատել լաբորատորիաներում, ինչը թանկ է: Լաբորատորիական աշխատանքներ ունենալու համար պետք է փող ներդրվի:

Այն ժամանակ, երբ սովորում էի համալսարանում, լաբորատորիաներում գործնական աշխատանք չէր կատարվում: Նստած ուրիշ վարժություններ էինք կատարում: Այնինչ, քիմիայում պետք է անպայման քո ձեռքով փորձեր կատարես, արդյունքներ ստանաս: Մի խոսքով, հետաքրքրվածություն, գումար և ներդրումներ են անհրաժեշտ: Հիմա կա «Հորիզոն 2020»-ը՝ հետազոտությունների և նորարարության խթանմանն ուղղված ԵՄ խոշորագույն ծրագիրը, որին Հայաստանն ասոցիացվեց 2016թ.-ի նոյեմբերին: Ասոցիացված երկրների համալսարանները, հետազոտական ինստիտուտները կարող են դիմել «Հորիզոն 2020»-ի համագործակցային մրցույթին»:

Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսորը տեղեկացրեց, որ Երևանում ընթացող «Քիմիայի սահմանները, Հայաստան» քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը հայ երիտասարդ քիմիկոսներից կընտրի ամենապայծառ միտք ունեցողին, ով արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում կստանա եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնելու հնարավորություն:

«Ընտրելու ենք մեկ հոգու, ով կարող է 3 ամսով արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում պրակտիկա անցնել, վերադառնալ հայրենիք և կիրառել ստացած գիտելիքները»,- հավելեց Սյուզաննա Հարությունյանը:

Նշենք, որ Սյուզաննան «Քիմիայի սահմանները, Հայաստան» քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից է: Ավարտել է ԵՊՀ դեղագործական քիմիայի բաժինը, կատարել է PhD աշխատանք Մոսկվայում, այժմ աշխատում է Գրոնինգենի համալսարանում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս