«Հայկական հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երկրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Մանկական բեսթսելերի երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Չորրորդ հորիզոնականում է Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից» գիրքը: Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում Աստրիդ Լինդգրենը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» հինգերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Թումանյանի մեկ այլ գիրք՝ դարձյալ «Հեքիաթներ» անվանմամբ, վեցերորդն է: Այն ներառում է մեծ լոռեցու լավագույն գործերը:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Ութերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Ռուս մանկագիր Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտե քաղաքի կախարդը» հեքիաթային վիպակը իններորդն է: Այն գրված է ամերիկացի գրող Լայմեն Ֆրենկ Բաումի «Օզ երկրի իմաստունը» հայտնի հեքիաթի մոտիվներով, պատմում է կախարդական աշխարհում փոքրիկ աղջիկ Էլլիի ու նրա մտերիմ ընկերների՝ Թոթոշիկ շնիկի, Զարհուրիկի, Երկաթե Փայտահատի և Վախկոտ Առյուծի զարմանահրաշ արկածների մասին:
Տասներորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները: