Համեմատեք մեր ու ալամ աշխարհի աղքատությունը

Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին: 1993 թվականից հոկտեմբերի 17-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է:

Այս չորեքշաբթի Համաշխարհային բանկը հրապարակեց աղքատության իր երկամյա ուսումնասիրության զեկույցը: Զեկույցը համաշխարհային աղքատության պատկերն արձանագրում է 2015թ. տվյալներով: Իսկ դրանք շատ ազդեցիկ են: Պարզվում է, որ հողագնդի բնակչության համարյա կեսը (49-ը տոկոսը` 3,4 մլրդ մարդ) աղքատ է: Համաշխարհային բանկի ընդունած սահմանման համաձայն՝ «Աղքատությունը որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է»: ՀԲ մասնագետների հաշվարկով՝ օրական 5,5 ԱՄՆ դոլարից պակաս ծախսի դեպքում մարդը համարվում է աղքատ:

Այսինքն՝ չի կարող ապահովել ընդունելի նվազագույնը: Նրանցից 1,9 մլրդ մարդը (երկրագնդի բնակչության 26,2 տոկոսը) օրական ծախսում է 3.2 դոլարից պակաս: ՀԲ-ն 5,5 դոլարը համարում է աղքատության սահմանագիծ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների համար: Իսկ 3,2 դոլարը միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների աղքատության սահմանագիծն է: 1,9 դոլարի օրական ծախսը համարվում է ծայրահեղ աղքատության ցուցանիշ: Ահա սրանք են ՀԲ հաշվարկի ցուցանիշները:

Մեր վիճակագրական ծառայության կողմից անցած տարի հրապարակվեց «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016թթ.» զեկույց-ուսումնասիրությունը: Փորձենք մեր պաշտոնական հրապարակումը համեմատել միջազգային զեկույցի հետ: Նախ ՀՀ բնակչությունն էլ բաժանված է նույն երեք` աղքատ, շատ աղքատ և ծայրահեղ աղքատ խմբերի: Մեր պարագային աղքատ համարվում է բնակչության համարյա 30 տոկոսը: Բայց հաշվարկի համակարգն այլ է: Հայաստանում աղքատության սահմանագիծն օրականի փոխարեն՝ արվում է ամսականով:

Աղքատ համարվում է ամսական 40 867 դրամից պակաս «տնօրինողը»: Շատ աղքատի ծախսը 33 418 դրամ է: Ծայրահեղ աղքատինը` 23 313 դրամ: Բարդ չէ հաշվարկելը, որ օրական ծախսը նույն սանդղակում այսքան է` «աղքատ -1362 դրամից պակաս», «շատ աղքատ – 1114 դրամից պակաս», «ծայրահեղ աղքատ – 777 դրամից պակաս»:

Եթե այս թվերը վերածենք դոլարի, պատկերը մոտավորապես այսպիսին է` Հայաստանում աղքատ համարվում է նա, ով օրական 2,8 դոլարից պակաս է ծախսում: Տեսեք տարբերությունը` ՀԲ-ն միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների համար 5,5 տոկոս է սահմանել, իսկ միջինից ցածր եկամուտ ունեցողների համար՝ 3,2 դոլար: Իսկ մենք աղքատության սահմանագծի սեփական ցուցիչ ենք հաշվարկել: Ցուցիչ, որը ցածր է անգամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների սահմանաչափից:

Ցածր է մոտ 12,5 տոկոսով: ՀԲ-ն համարում է, որ օրական 1,9 դոլարից պակաս տնօրինողը ծայրահեղ աղքատ է: Իսկ մեր վիճակագրության «պաշտոնական» կարծիքով՝ այս թշվառ թվից առնվազն 16 տոկոս պակաս պիտի ծախսես, որ քեզ համարեն ծայրահեղ աղքատ: Ընդհանրապես աղքատության հայաստանյան ուսումնասիրությունը բավական տարօրինակ օրինաչափություններ է արձանագրել: Ծանոթացեք նշված զեկույցին ու կհամոզվեք, որ աշխատանք ունենալն ամենևին էլ աղքատ չլինելու երաշխիք չէ:

Օրինակ, տնային տնտեսությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ աղքատ գնահատվող տնային տնտեսությունների 35,8 տոկոսում ոչ ոք զբաղված չէ (այսինքն՝ ընտանիքում անաշխատունակ տարիքի անձինք են և գործազուրկներ): Իսկ աղքատ գնահատված տնային տնտեսություններից 26,6 տոկոսում կա երեք և ավելի աշխատող: Փաստորեն, անգամ աշխատանք ունենալն աղքատության «դեմը չի առնում»:

Ընդունեք, որ տարօրինակ է: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրությունը տարին տարվա վրա միջին աշխատավարձի կատաղի աճ էր արձանագրում: 2014թ. Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում էր 146,5 հազար դրամ: 2016-ին այն արդեն 174,4 հազար դրամ էր: Բայց այս տարվա օգոստոսի համար տարօրինակորեն արդեն ավելի համեստ`169,1 հազար դրամ է հրապարակվում: Այսինքն՝ Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով մեր վիճակագրությունն ամենևին էլ չի պնդում, որ աղքատությունը Հայաստանում կրճատվել է:

Մեղավորը հավանաբար ՀԲ սահմանած բարձր չափանիշերն են: Որպեսզի տնային տնտեսությունը միջազգային չափանիշերով աղքատ չգնահատվի՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով պիտի «բաժին հասնի» մոտ 165 դոլար (կամ մոտ 80 հազար դրամ): Սա՝ այն պարագայում, երբ միջին կենսաթոշակը հազիվ է գերազանցում 40 հազար դրամը: Դժվար թե մխիթարություն կարելի է համարել այն փաստը, որ ՀԲ գնահատմամբ՝ աղքատության նվազման տեմպերը ողջ աշխարհում նվազում են: Ի վերջո, 1,9 դոլարը, որպես ծայրահեղ աղքատության չափագիծ, ՀԲ-ն հաշվարկել է 2011թ. գործող գներով:

Մեր 1,6 դոլարանոց չափագիծը միջազգային «ստանդարտ-չափանիշերի» բերելու համար հարկավոր է նաև 2011թ. հետո գրանցված գնաճն էլ հաշվել:

Բայց դա արեք առանց ինձ: Առանց այդ հաշվարկի էլ՝ տրամադրությունից բան չմնաց:

Տեսանյութեր

Լրահոս