«Երբ գերմանացիները տեսնում են՝ խաչ ես կրում, վերաբերմունքը քո նկատմամբ լրիվ փոխում են». Հովհաննես Ջեյմս Բամբալյան
«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքի այս շաբաթվա հերոսը Հովհաննես Ջեյմս Բամբալյանն է։ Հովհաննեսի հետ հանդիպեցինք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Նա Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ է, սովորում է Բեռլինի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Հովհաննեսի ընտանիքն ապրում է Գերմանիայի Բրեմեն քաղաքում, բայց դեռ պատանեկությունից բռնցքամարտով զբաղվող տղայի համար Բեռլինը մեծ հնարավորություններ է ստեղծել, դրա համար էլ որոշել է հենց Բեռլինում բարձրագույն կրթություն ստանալ։
«Բռնցքամարտով զբաղվելու ընթացքում Բեռլինում շատ կարևոր մարդկանց հետ ծանոթացա, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պառլամենտի անդամներ են։ Այդպես որոշեցի, որ ես էլ պետք է զբաղվեմ քաղաքականությամբ, դրա համար ընտրեցի տնտեսագիտությունը, որը փոխկապակցված է քաղաքականության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը՝ ընդգծելով՝ քաղաքականությամբ ուզում է զբաղվել, որովհետև և՛ Գերմանիայի, և՛ Հայաստանի հետ կապված պլաններ ունի։
«Գերմանիայի հայերի մեջ ես համարվում եմ առաջին սերնդի ներկայացուցիչ։ Այստեղ ուրիշ ազգերից մարդիկ կան, ովքեր երրորդ-չորրորդ սերունդ են համարվում։ Օրինակ՝ 10 տարի առաջ, երբ ինձ հարցնում էին՝ որտեղից ես, պատասխանում էի՝ Հայաստանից եմ, հայ եմ, գերմանացիների մեծամասնությունը չգիտեր Հայաստանի մասին։ Հետո հիմնականում մեր մարզիկների շնորհիվ սկսեցին ճանաչել հայերին։
Այստեղի հայերը տարվա մեջ երկու անգամ ճամբար են կազմակերպում, և Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեդիայի հայերը միավորվում են։ Մի անգամ այդպիսի ճամբար էինք կազմակերպել Բավարիայի փոքր գյուղերից մեկում։ Այնտեղ մեր տղաներից մի քանիսին տեղաբնակները սկսել են ճնշել։ Տեսնելով, որ անծանոթ մարդիկ են, մտածել են, որ թուրք մուսուլմաններ են, սկսել են հայհոյել, ասել, որ հեռանան։ Մեր ընկերները բացատրել են, որ թուրք չեն, մուսուլման չեն, հայ քրիստոնյաներ են, և երբ դա լսել են, ներողություն են խնդրել ու հեռացել»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հովհաննեսը նկատեց՝ հայերի մոտ սովորություն կա՝ խաչը շապիկի տակ թաքցնել, բայց Գերմանիայում գտնվելու ընթացքում նա խորհուրդ է տալիս խաչը հագուստի վրա թողնել. «Գերմանացիները երբ տեսնում են՝ խաչ ես կրում, վերաբերմունքը քո նկատմամբ լրիվ փոխում են։ Այստեղ որ տեսնում են սև մազերով, թուխ մաշկով՝ մտածում են՝ մուսուլման ես, բայց երբ բացատրում ես, որ հայ քրիստոնյա ես, շատ են զարմանում։ Գերմանիայում շատ մուսուլմաններ կան, դրա համար, երբ թուխ մաշկով մարդ են տեսնում՝ մտածում են՝ մուսուլման է։ Իրենք կոնսերվատիվ վերաբերմունք ունեն մուսուլմանների նկատմամբ»։
Միևնույն ժամանակ, Հովհաննեսն ընդգծում է՝ թուրքերի մեջ կան մուսուլմաններ, ալևիտներ։ Վերջիններս, նրա խոսքով՝ շատ մոտ են հայերի հետ.
«Ալևիտ թուրքերն ու ալևիտ քրդերն Ապրիլի 24-ին այստեղ միջոցառումներ են կազմակերպում, Թուրքիայում էլ են շատ միջոցառումներ կազմակերպում։ Ալևիտները մուսուլման թուրքերին չեն սիրում, որովհետև իրենց էլ են ցեղասպանության ենթարկել։ Ցավոք, հայերը մտածում են՝ թուրքը՝ թուրք է, բայց չգիտեն, որ թուրքերի մեջ ալևիտներ են ապրում, ովքեր թուրքերի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ինչպես համշենահայերն են այն ժամանակ իբր կրոնափոխ եղել, որպեսզի իրենց չսպանեն, նույն կերպ ալևիտներն են մուսուլմանների անվան տակ ապրել, բայց իրենց ցեղասպանության են ենթարկել։ Ալևիտները հայերին շատ են սիրում, Ցեղասպանության ժամանակ շատ ալևիտներ ապաստան են տվել հայ ընտանիքներին։ Ալևիտները հայերի մասին շատ բան գիտեն, բայց մենք իրենց մասին ոչինչ չգիտենք։ Երբ ալևիտների հետ ծանոթանում ես, ասում ես՝ հայ եմ, իրենք ոգևորվում են, սկսում են հայերեն երգեր երգել։ Սակայն, ինչպես նշեցի՝ ցավոք Հայաստանի հայերը, նույնիսկ այստեղի հայերի մեծամասնությունը նրանց չեն ճանաչում»։
Բեռլինի տեխնիկական համալսարանի ուսանողը նշեց, որ Գերմանիայի հայ համայնքը ակտիվ է, տարբեր միջոցառումներ են կազմակերպում. «Օրինակ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքվել ենք Արտաքին գործերի նախարարության դիմաց, բողոքի ակցիան այնտեղից սկսեցինք ու հասանք մինչև պառլամենտ։ Խոշոր թերթերը, հեռուստաընկերությունները լուսաբանեցին այդ ամենը, մեր ձայնը տեղ հասավ։ Այստեղ մեզ կրթված հայեր են պետք, մենք առաջին սերունդն ենք, իմ հասակակիցները հիմա ուսանողներ են, և երբ ավարտենք, այստեղ պաշտոններ կունենանք։ Ճամբարի մասնակիցների 95 տոկոսը բարձրագույն կրթություն է ստանում, հիմա այդ պոտենցիալը պետք է մեկ բռունցք սարքել, ինչը հիմա դեռ չի արվում։ Հայերը շուտով քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտներ կմտնեն, և այդպես մենք ձայն կունենանք։ Ինձ թվում է, որ եթե ես ու իմ հասակակիցները քաղաքականությամբ զբաղվենք, այդ դեպքում կկարողանանք մեր ձայնը տեղ հասցնել»։
Ինչ վերաբերում է ուսանողական կյանքին, Հովհաննեսն ընդգծեց, որ համալսարանում սովորելը բարդ է. «Շատերը չեն դիմանում, համալսարանից դուրս են գալիս ու գնում ինստիտուտներ, որտեղ ավելի հեշտ է սովորելը։ Դասընթացները կազմակերպվում են դասախոսությունների, ինտերակտիվ քննարկումների միջոցով։ Ես հիմնականում նախընտրում եմ բարձր կուրսերի ուսանողների կողմից անցկացվող դասախոսություններին մասնակցել, որովհետև այդպես ավելի հետաքրքիր է։ Այստեղ ուսանողները հիմնականում խմբերով են պարապում, բայց ես նախընտրում եմ միայնակ պարապել. իրերս վերցնում եմ ու գնում գրադարան։ Առհասարակ, գրադարանում շատ ժամանակ եմ անցկացնում, մասնագիտական շատ գրքեր եմ կարդում»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Բեռլինը Գերմանիայի այն քաղաքն է, որտեղ կարող ես ապրել՝ առանց գերմաներենի իմացության. «Անգլերեն իմանալն այստեղ լիովին բավարար է։ Գերմանիայի մյուս քաղաքները քեզ նման հնարավորություն չեն տալիս։ Քաղաքը, կենսակերպն ինձ շատ է դուր գալիս, երիտասարդությունն այստեղ շատ ազատ է»։
Բեռլին-Երևան