Ինչ կտա Բոլթոնի այցը Հայաստանին և տարածաշրջանին
«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:
Հիշեցնենք, որ պաշտոնապես հաստատվեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է հենց ինքը՝ Ջոն Բոլթոնը:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերն անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:
Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Ջոն Բոլթոնն ամերիկյան ներկայիս ադմինիստրացիայի ամենախարիզմատիկ կերպարներից մեկն է, որի շնորհիվ Թրամփի ներկայիս աշխատակազմը ստացել է «ամենաբազե ադմինիստրացիան երբևէ» համբավը:
Նրա փոխանցմամբ, Բոլթոնը զբաղվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենախնդրահարույց հարցերով, որի համար նրան կոչում են նաև «պատերազմի բազե», նրա բոլոր այցերն ակտիվորեն քննարկվում են: «Հարկ է նշել, որ Բոլթոնը նման այցեր կատարում է հստակ առաքելությամբ: Վերջին անգամ Բոլթոնը Ռուսաստանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ ՌԴ ամենաբարձր ղեկավարության հետ և նախապատրաստեց Պուտին-Թրամփ հանդիպումը:
Առաջիկա այցի ընթացքում ևս, իմ համոզմամբ, ռուս-ամերիկյան հարաբերություններն են քննարկվելու Պատրուշևի հետ, քանի որ հաստատված է միայն հանդիպում Պատրուշևի հետ, մնացած հանդիպումները դեռ նախապատրաստվում են: Ցանկության և անհրաժեշտության դեպքում կլինի հանդիպում նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Ինչ կարող են քննարկել գերտերությունների ներկայացուցիչները, որոնք գործում են հակադիր ճամբարներում աշխարհի համար ամենակարևոր հարցերում` սիրիական հակամարտություն, Իրանի միջուկային ծրագիր, ռուս-ամերիկյան հարաբերություններ, ռուս-թուրքական հարաբերություններ: Բոլթոնի առաքելությունն է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող հարցերով զբաղվել ակտիվորեն, և սրանք նրա գործունեության հիմնական ուղղություններն են:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, կարծում եմ, այստեղ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես ոմանք են նշում, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի: Այդ դիրքորոշման կնքահայրերից մեկն էլ ինքը՝ Բոլթոնն է, և չի բացառվում, որ որոշ հարցերում սուր խոսակցություններ տեղի ունենան:
Վերջերս Բոլթոնը նշել էր, որ պատրանքներ են այն երկրների փորձերը, որոնք ջանում են շրջանցել ԱՄՆ իրանական պատժամիջոցները: Այս դիրքորոշման պայմաններում Հայաստանը պետք է փորձի աշխատել ամերիկյան կողմի հետ իրանական ուղղությամբ, սիրիական ուղղությամբ, քանի որ Սիրիա նախապատրաստվող ծրագիրը ևս, ենթադրաբար, արժանացել է ամերիկյան կողմի ուշադրությանը, քանի որ ծրագիրը Ռուսաստանի հետ համատեղ է տեղի ունենալու»:
Լուկիանովի դիտարկմամբ՝ այս հարցում ևս ԱՄՆ-ը կունենա վերապահումներ, բայց հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը՝ Հայաստանը պետք է փորձի արդյունավետ օրակարգ և համագործակցություն ունենալ ամերիկյան կողմի հետ առավելապես նաև այն պատճառով, որպեսզի կարողանա մի շարք արտաքին քաղաքական հարցերում իր մոտեցումներն առաջ տանել, քանի որ Բոլթոնի այցն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է, ամերիկյան նպատակների համար, բայց այս ամենում պետք է ունենալ նաև սեփական օրակարգը:
«Իսկ առանց լավ համագործակցության՝ այդ խնդրի իրագործումն անհնար կլինի ներկայիս ադմինիստրացիայի պարագայում»,- ասաց Լուկիանովը:
Նրա կարծիքով, այս գլոբալ մարտահրավերների թվում ԼՂ հակամարտության կարգավորման առաջնահերթությունը բարձր է միայն հակամարտող երկրների համար, քանի որ այս տարածաշրջանում լուրջ շահեր չկան, դրանք հարևանությունում են:
Լուկիանովը նշեց, որ ԱՄՆ-ը այս հակամարտությունում ներկայացված է համանախագահի միջոցով:
«Ամերիկյան համանախագահն է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններով, և կարծում եմ` Բոլթոնն այս թեմայով խորապես չի զբաղվի, այլ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաև ԼՂ հակամարտությունը, և ոչ ավելին: Այս հակամարտության կարևորությունը գերտերությունների համար չպետք է գերագնահատել»,- ասաց նա: