Ամեն ինչ կատարվեց մի գիշերվա մեջ

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, եթե ՀՀԿ-ն պետք է համաձայներ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրել, ինչո՞ւ այսքան ձգձգվեց ինտրիգը և լարվածություն առաջացավ։

– Հենց դա է, որ խնդրի իմաստը սխալ է ներկայացվում։ Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում։ Մեր կռիվը չի եղել ինքնանպատակ թեկնածու առաջադրելը կամ չառաջադրելը։
Խնդիրը եղել է այն, որ վարչապետը ստանձնել է պարտավորություն նախ հրատապ ընտրություններ չանել, որ էյֆորիան անցնի, ինքը մեկ ամիս առաջ ասել է, որ ընտրությունները կլինեն մայիս-հունիսին։
Երկրորդ՝ պետք է Ընտրական օրենսգիրքը նորմալ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և առանց հապճեպության ընդունենք նորմալ ընտրական օրենսգիրք, եթե ոչ թե ձևի համար ենք ուզում օրենսգիրքը փոխել, այլ որակն ենք ուզում փոխել։ Եվ երրորդ՝ կուսակցությունների մասին օրենքում պետք է փոփոխություններ արվեն։

Հիմա դուք կուսակցությունների մասին օրենքի փոփոխության նախագիծ տեսե՞լ եք, կամ Ընտրական օրենսգրքի քննարկում Ազգային ժողովում եղե՞լ է, իհարկե ոչ։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի է ունեցել գիշերային պաշարման արդյունքում։

Հիմա մեկը կասի ճնշում է եղել, մեկը կասի՝ չի եղել, մյուսը կասի՝ իրավաչափ է կամ իրավաչափ չի, դա այդ մարդկանց կարծիքն է։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ գործադիր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, միջամտել է Ազգային ժողովի աշխատանքներին և անցել է իր լիազորությունների շրջանակը։

Սա է խնդիրը, ոչ թե թեկնածու առաջադրել-չառաջադրելը։ Եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա, կամ եթե հրաժարական տար, մայիսի 1-ին կամ 8-ին թեկնածու կառաջադրեր։ Ես բազմիցս ասել եմ, որ կռիվը պաշտոնի ու մանդատի համար չէ։ Մեր պայքարը հանուն է, հանուն նրա, որ Սահմանադրությունը պահպանվի, որ մեր երկրում Ազգային ժողովի, կառավարության և դատական իշխանության գործառույթները, որոնք տարանջատված են Սահմանադրությամբ, պահպանվեն։ Եթե իր համար գերխնդիր է, թե ով կլինի վարչապետ, մեզ համար դա չէ։ Կոնկրետ ինձ համար գերնպատակը եղել է այն, որ ամեն ինչ լինի անցնցում՝ առանց Սահմանադրությունը ոտնահարելու, առանց ճնշումների։

Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր գործընկերների քայլը, որոնցից 18-ը հայտարարություն տարածեցին, որ կողմ են ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։

– Տարբեր, այնտեղ կան մարդիկ, որոնք ազնիվ են, կան մարդիկ, որ եթե քաղաքական ելույթ չեն ունեցել, ռեյտինգայինով ընտրվել են, ասել են՝ շառից-փորձանքից հեռու։ Ինձ համար առավել անհասկանալի է եղել այն մարդկանց կարծիքը, որոնք քննադատում էին, մեկ էլ հիմա կանգնում ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, ես պետք է իրեն սատարեմ։ Ես հիմա այդ մարդկանց երեք հարց եմ տալիս. եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և պետք է իրեն սատարել, կարծում են, որ ազնի՞վ է, երբ հայտարարում էր, որ Հայաստանն ավտորիտար երկիր է եղել։ Եթե երկիրն ավտորիտար է եղել, ապա այդ մարդիկ այդ ավտորիտար երկրում պաշտոնյա են եղել, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, ազնի՞վ է:

Երբ Փաշինյանն ասում է՝ ասֆալտին ենք փռելու, ընդունո՞ւմ է դա։ Եթե ընդունում են, խնդիր չկա։ Եթե մի գիշերվա մեջ մարդիկ վերագնահատեցին արժեքները, ես ասելիք չունեմ։ Սա է խնդիրը։ Կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն խոսել, ոչ կուրծք են ծեծել, ոչ կռիվ են տվել, ես էլ դատավոր չեմ, որ էստեղ գնահատականներ տամ՝ ճիշտ են, սխալ են։ Մեկը լինի ինձ գնահատական տա։ Դրա մասին չի խոսքը։ Պարզապես ինձ համար հասկանալի չէ, որ մարդն առանց հիմնավորման սկսում է հայտարարել, թե Փաշինյանն ազնիվ է։ Բա եթե ազնիվ է, մայիսի 1-ին ինչու կողքը չէիք կանգնում, բա ինչո՞ւ էիք մարտի 1-ին ուրիշ ելույթ ունենում։ Այսինքն երբ Ազգային ժողովը պաշարված պահում է, դա ազնի՞վ է։ Երբ որ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, դա ազնվի՞վ է։

Ես Փաշինյանի հետ խնդիր չունեմ, նա 20 տարի նույն բանն է ասում։ Իհարկե, ես համամիտ չեմ Փաշինյանի ասածների հետ, բայց մարդը չի գալիս թաքուն ասում՝ կեցցե Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ի ցավը տանեմ։
Բայց նախկին որոշ պաշտոնյաներ հանկարծ դրոշն առած փառաբանում են Փաշինյանին, այն Փաշինյանին, որը Հայաստանն անվանում է ավտորիտար։ Հիմա իրենք ընդունո՞ւմ են, որ իրենք այդ ավտորիտար ռեժիմի օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Ո՞նց կարելի է, որ մինչև X փուլ հարցազրույցներ ես տալիս, ասում ես՝ ոչ մի դեպքում Փաշինյանին չենք ընտրի, ինքը սխալ քաղաքականություն է վարում, իրավաչափ չի, մեկ էլ հոպ, մի օր արթնանում ենք, ասում է՝ Փաշինյանն ազնիվ է, լավն է։ Փաշինյանը միշտ նույն բանն է արել, եթե ազնիվ է, չի կարող մինչև X պահը անազնիվ լինի, հետո դառնալ ազնիվ։ Եթե ազնիվ է, մայիսի 1-ին, մայիսի 8-ին էլ պետք է ազնիվ լիներ։ Բա ինչո՞ւ մայիսի 1-ին չես կանգնել նրա կողքը։

Ամեն մեկն անում է այն, ինչ անում է։ Նապոլեոնյան Ֆրանսիայի ամենախոշոր դիվանագետ Մորիս Թալեյրանը, որը Յակոբինյաններից մինչև Բուրբոններ միշտ աթոռի վրա է եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ով էշ, ինքը փալան, ասում էր՝ ժամանակին դավաճանելը դավաճանել չէ, դա կանխատեսել է նշանակում։ Այնպես որ, ինձ համար քաղաքականության մեջ ոչ մի անակնկալ բան չկա։ Յուրաքանչյուրն ազատ է իր կամքի մեջ, պարզապես եթե պետք է փառաբանեին Փաշինյանին, կարիք չկար մինչ այդ քննադատել, որ հիմա վատ դրության մեջ չհայտնվեին։ Բա որ հիմա նրանց հարցազրույցներն իրար կողքի դնեն, ոնց են պատասխանելու։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս