
Տուսկը կիբեռգրոհների թեման կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովում

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Այդ մասին նա հոկտեմբերի 4-ին հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իռլանդիայի վարչապետ Լեո Բարադկարի հետ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները: «Ես կիբեռգրոհների հարցը կներառեմ ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում,-ասել է նա:-ԵՄ-ի անունից ես ցանկանում եմ դատապարտել այդ գրոհը»:
Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեվելդը մամուլի ասուլիսում հանդես է եկել պնդմամբ, որ թագավորության Ռազմական հետախուզության եւ անվտանգության ծառայությունը կանխել է Ռուսաստանի կողմից հաքերային գրոհը ՔԶԱԿ-ի վրա: Նրա վարկածով՝ գրոհին մասնակցել են չորս ռուսաստանցիներ:
Ինչպես պնդում է նախարարը, կասկածյալները ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության աշխատակիցներ են: Գրոհը, ինչպես նշում են Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունում, իրականացվել է ապրիլի 13-ին: Դրան մասնակցելու մեջ կասկածվող բոլոր չորս ռուսաստանցիները նույն օրն արտաքսվել են երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: