Աղմկահարույց նախագծի հակասահմանադրական նրբերանգները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար:

Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով:

Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, և էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավորներին գալ աշխատանքի և այլն: Միևնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետևաբար պետք է լուծարվի:

Բացի այդ, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին: «ժողովուրդն ինքն է իշխանության միակ և անփոխարինելի սեփականատերը, և ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր և նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»- ասել է նա:

Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որևէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի. ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, հետևաբար կարծիք կա` փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս