Բաժիններ՝

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ 400 ուսանող Ֆրանկոֆոնիայի օրերին ուղեկցելու է Երևան ժամանող պատվիրակություններին

Հայաստանում ֆրանսիական համալսարանն, աշխատելով ՀՀ կառավարության հետ, կարող է վերածվել իսկական ֆրանկոֆոն կամպուսի. նման կարծիք ունի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը: «Արմենպրես»ը համալսարանի ռեկտորի հետ զրուցել է ֆրանսերենի տարածման գործում համալսարանի դերի, առաջիկա ծրագրերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին:

Ֆրանսիական համալսարանի ներդրումը Հայաստանի կրթական ոլորտում, ինչպես նաև ֆրանսերենի տարածման գործում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 18 տարեկան է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի համալսարանների շարքում: Իր ստեղծման օրվանից տվել է մոտ 2 հազար շրջանավարտ: Շրջանավարտները ստանում են երկու տիպի դիպլոմ՝ ֆրանսիական և հայկական: Ֆրանսիական դիպլոմի դեպքում շատ կարևոր է ֆրանսերենի իմացությունը:

«Երբ շրջում ենք Երևանի փողոցներում և ինչ-որ մեկը ֆրանսերեն է խոսում, ապա ամենայն հավանականությամբ այդ անձն այստեղ է սովորել, գրեթե ամեն օր նման երիտասարդների հանդիպում եմ: Պետք է ասեմ, որ այս համալսարանի նպատակը ֆրանսերեն լեզուն սովորեցնելը չէ: Այս համալսարանի նպատակն իրավաբաններ, մարկետոլոգներ, կառավարիչներ պատրաստելն է, որոնք մասնակից են լինելու Հայաստանի զարգացմանը: Այս կրթական նպատակին հասնելու համար պետք է ֆրանսերեն իմանալ: Ուսանողների հետ աշխատանք տանելիս կարևորում ենք այն հանգամանքը, որ նրանք ձեռքբերեն նաև վերլուծության, համադրելու, քննադատական կարողություններ: Այսպիսով, այս համալսարանում կարողանում են տիրապետել ֆրանսերենին, մտածել ֆրանսիական ձևով, ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը»,-ասաց Ժան-Մարկ Լավեստը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով, Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց հետ կապված են ոչ միայն պատմությամբ, այլև ժողովուրդները, կարելի է ասել, գենետիկ կապ ունեն: «Անպայման ինչ-որ մեկը Հայաստանում ընկեր, բարեկամ կունենա Ֆրանսիայում, նույնիսկ եթե չի եղել Ֆրանսիայում, միևնույն է նրան թվում է, թե շատ կապված է Ֆրանսիայի հետ, այն հոգեհարազատ է: Ինչ վերաբերում է Հայաստանում ֆրանսերենի տարածմանը, ապա ասեմ, որ հետաքրքրություն կա, սակայն շատ մեծ տեմպերով այն չի մեծանում: Այստեղ մենք աշխատում ենք այնպիսի կրթություն տալ, որ ուսանողները կարողանան ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական արժեքներին ծանոթանան: Ֆրանսերենը դժվար լեզու է և մեծ աշխատանք է պահանջում սովորելու համար: Ուզում եմ մեջ բերել Մարի Փափազյանի խոսքը, նա ասաց, որ ֆրանսերենը գաղտնի դուռ է, նրանք ովքեր կարողանում են այդ դուռը բացել, ինչ-որ հրաշքի են հանդիպում: Շատ հպարտ եմ, որ մեր ուսանողները, ովքեր ավարտում են, կարողանում են բացել այդ գաղտնի դուռը»,-հավելեց ռեկտորը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Ֆրանսիական համալսարանի դերակատարումը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը համաշխարհային մակարդակով կարևոր է միջոցառում է, շատ մասշտաբային: Բազմաթիվ երկրներից մոտ 80 պատվիրակություն է գալու: Հայաստանը լինելու է համաշխարհային դիվանագիտության ուշադրության կենտրոնում: Այնպես, որ Հայաստանի համար այս գագաթնաժողովը շատ նշանակալի իրադարձություն է: Հայաստանն աշխարհին կներկայանա որպես կարևոր երկիր:

«Աշխարհում 280 մլն մարդ խոսում է ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իր ներդրումն է ունենալու նաև մեր համալսարանը: Մեր բուհի 400 ուսանող օգնելու է ԱԳՆ-ին այլ երկրներից Հայաստան եկած պատվիրակություններին ուղեկցելու, գագաթնաժողովի աշխատանքները կազմակերպելու հարցում: Սա մեզ համար մեծ հպարտություն է, մեր ուսանողները շատ լավ տիրապետում են ֆրանսերենին և պետք է լինեն պատվիրակությունների  ներկայացուցիչների կողքին: Շատերի համար գուցե Հայաստանն անծանոթ է և մեր ուսանողները նրանց կներկայացնեն ոչ միայն մեր համալսարանը, այլև Հայաստանը: Նրանք համալսարանի, Հայաստանի յուրատեսակ դեսպաններն են լինելու:

Մենք աշխատում ենք, որ համալսարանը բաց լինի արտաքին աշխարհի համար, կարողանանք ֆրանկոֆոն երկրներից ևս ուսանողներ ընդունել: Գագաթնաժողովի շրջանակում պատվիրակությունները պատկերացում կկազմեն ոչ միայն Հայաստանի կյանքի, այլև այստեղ կրթության որակի մասին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ոչ միայն ինքնին մասշտաբային միջոցառում է, այլ կարևոր է, թե ինչ կարող է հետևել դրանից հետո:  Այնպես, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-ասաց համալսարանի ռեկտորը:

Ի դեպ, Ժան-Մարկ Լավեստը, որպես ռեկտոր, հանդիպում է ունենալու բազմաթիվ լրագրողների, պատգամավորների, նախարարների, տարբեր պաշտոնյաների հետ: «Մենք պետք է կարողանանք պատվիրակությունների համար բարձրակարգ ընդունելություն ապահովել: Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է: Մի քանի հազար օտարերկրացի իր հետ կտանի մի փոքր կտոր Հայաստան»,-ասաց նա:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ծրագրերը

Ֆրանսիական համալսարանը զուգահեռաբար մի քանի ծրագրերի շուրջ է աշխատում: Այդ ծրագրերից մեկը նոր շենք ունենալն է՝ ոչ միայն ուսումնառության համար նախատեսված, այլև հանրակացարանի:

«Եթե ուզում ենք արտասահմանից ուսանողներ գրավել, ապա միջազգային պահանջներին համապատասխան կացարաններ պետք է ապահովել: Արտասահմանցիների համար դա կարևոր հարց է, որ որակյալ ուսուցման հետ մեկտեղ, որակյալ կացարանի խնդիրը լուծվի»,-ասաց նա:

Համալսարանում իրականցվում են կրթական ծրագրեր, որոնք պրակտիկ հիմքերի վրա են դրված: Առարկաները դասավանդվում են այս կամ այն ոլորտում աշխատող մասնագետների կողմից: Դասախոսներից շատերը տարբեր ոլորտներում պրակտիկ մասնագետներ են՝ իրավաբաններ, մարկետոլոգներ, ֆինանսիստներ, կառավարիչներ:

«Այս կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում ընդունված են, եթե լավ որակ ապահովենք, ապա դրանք շատ հետաքրքիր կլինեն արտասահմանցիների համար: Այս տարի նաև աշխատում ենք կրթություն իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Կարծում եմ, որ մեր համալսարանում կրթության որակը բարձր է, պահանջկոտ հաստատություն է և տալիս է ֆրանսիական դիպլոմ: Աֆրիկյան երկրների երիտասարդները դիմում եմ ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններ կրթություն ստանալու համար: Շատերը մերժվում են, որովհետև նախ մրցույթն է դժվար անցնելը, այնուհետև վիզայի խնդիր է լինում: Մենք կարծում ենք, որ հնարավորություն ունենք, ՀՀ կառավարության հետ աշխատելով, այս համալսարանը իսկական ֆրանկոֆոն կամպուս դարձնել»,-հավելեց ռեկտորը:

Աննա Գզիրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս