Վարչապետի հերթական լայվը: Իրականությունն ու շոուն

Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական լայվը նվիրված էր երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրում կառավարության կատարած փոփոխություններին, հիպոթեքային վարկերի տոկոսների նվազեցմանը և հարակից թեմաներին:

Ըստ այդմ՝ եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, ապա այժմ այն ավելացվել է և դարձել է 70: «Երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով` հիպոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երևանում կլինի 7.5%, իսկ մարզերում կլինի 5.5%: Ըստ էության, մենք այստեղ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների էական փոփոխություն ենք ունեցել»,- նշել էր Փաշինյանը:

Ներկայացնելով հաջորդ կարևոր փոփոխությունը՝ Փաշինյանը մանրամասնել է՝ եթե նախկինում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30% էր, ապա այժմ հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10%, եթե կա երկրորդ գույքի գրավ: «Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում և ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10% կանխավճարով բնակարան ձեռք բերելու: 10% կանխավճարը հնարավոր է նաև այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն: Այսինքն, նաև ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով՝ կարելի է ունենալ 10 % կանխավճարի հնարավորություն»,- ասել է նա: Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30%-ի է:

Իհարկե, այս փոփոխությունները ներկայացվեցին՝ որպես բացառիկ և աննախադեպ, սակայն իրականում ոչ մի սենսացիա, ոչ մի նորույթ այստեղ չկա: Նախ և առաջ, երիտասարդ ընտանիքների բնակարանով ապահովելու ծրագիրը հիմնադրվել է նախկին իշխանությունների ժամանակ և մշտապես կատարելագործվել ու բարելավվել է, և այսօր ընդամենը նոր կառավարությունը փոփոխություն է կատարել 2010թ. հունվարի 29-ին ընդունված որոշման մեջ: Բացի այդ, հերթական բարեփոխումն իր մեջ ենթադրում է 2 բաղադրիչ. առաջին՝ ավելացել է տարիքային շեմը՝ 65-ից դառնալով 70, և երկրորդ՝ նվազեցվել է վարկային տոկոսադրույքը մինչև 9.5%:

Կարդացեք նաև

Սրանցից առաջինը, թերևս, կապված է ՄԱԿ-ի կողմից հրապարակված երիտասարդության մասին զեկույցին, ըստ որի՝ երիտասարդ է համարվում մինչև 35 տարեկանը, իսկ 2×35=70 բանաձևը պարզից էլ պարզ է: Ինչ վերաբերում է տոկոսադրույքի նվազեցմանը, ապա դա ևս բնականոն գործընթաց է: Ֆինանսական շուկաների զարգացածության, բանկերի մրցակցության ավելացման և հարակից այլ հանգամանքներով պայմանավորված՝ գնալով նվազում են տոկոսադրույքները, և այս երևույթը առկա է բոլոր զարգացող երկրներում, բոլոր վարկատեսակների գծով: Ուստի այս փոփոխությունն անխուսափելի էր, և այն լինելու էր՝ անկախ նրանից, թե վարչապետի աթոռին ով կլիներ նստած:

Փոփոխությունների թվին կարելի է դասել նաև հիպոթեքային կանխավճարի 30% սահմանաչափի նվազեցման 2 տարբերակները, որոնց համաձայն՝ շահառուն կարող է կանխավճարը նվազեցնել մինչև 10%-ի եթե առկա է գրավադրվող այլ գույք, կամ վարկառուն օգտվում է վարկի ապահովագրման ծառայությունից: Վերջինս ըստ էության պարզապես հետաձգում է կանխավճարի վճարումը որոշակի վճարման դիմաց, իսկ ինչ վերաբերում է գույքի գրավադրմանը, ապա ակնհայտ է, որ դրանից կօգտվեն արդեն իսկ սեփական գույք ունեցող շահառուները, և ոչ թե՝ առավել խոցելի խավը:

Արդյունքում, բախտի բերմամբ թե պատահմամբ, հերթական բարեփոխումը համընկավ նոր կառավարության թատերաբեմ գալու հետ, բայց սա չի նշանակում, որ այս ծրագիրը կարելի է ներկայացնել՝ իբրև սեփական նախաձեռնություն-մտահղացում։ Նոր կառավարությունն ընդամենը նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ մշակած ծրագրի հերթական կատարողն է, և ոչ՝ ավելին:

Այն, որ Փաշինյանի այսօրվա լայվը ոչ այլ ինչ է, քան սեփական PR, կարելի է համոզվել՝ նրա երեկվա ելույթի տեքստը համադրելով սեպտեմբերի 14-ին կայացած կառավարության նիստում ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանի հնչեցրած տեքստի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այդ նիստում ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել էր մեղմել երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիպոթեքային վարկավորման պայմանները։ Նախարարը նշել էր, որ առաջարկվում է գործող 10.5-11% տոկոսադրույքը, որից այսօր պետությունը մարզերում սուբսիդավորում է 4.5%-ը, Երևանում՝ 2%-ը, իջեցնել 9.5%-ի։ Այս դեպքում երիտասարդ ընտանիքները Երևանում տուն կգնեն՝ 7.5%, մարզերում՝ 5% տոկոսադրույքով։ Բացի այդ, նախատեսվում է ավելացնել նաև ամուսինների գումարային տարիքի շեմը՝ 65-ը փոխարինել 70-ով։ Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն` այս ծրագրի շրջանակում այսօր վարկավորմամբ են զբաղվում թվով 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018թ. օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ՝ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):

Անդրադառնալով այս փոփոխության տնտեսական բովանդակությանը, պետք է նշենք, որ այն նաև զգալի ռիսկեր է պարունակում, քանի որ իրականացված փոփոխությունները բերելու են՝ ինչպես շահառուների թվի, այնպես էլ՝ հիպոթեքային գումարների ֆիզիկական ծավալի ավելացման: Արդյունքում՝ գնալով ավելանալու են պետական բյուջեի ծախսերը հիպոթեքային վարկի տոկոսների սուբսիդավորման և եկամտային հարկից տոկոսագումարների փոխհատուցման գծով: Թե որքա՞ն կկազմեն այդ ծախսերը, կառավարության որոշմանը կից ներկայացված տեղեկանքում նշված է հետևյալ ձևակերպմամբ՝ որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում սպասվում է ծախսային մասով որոշակի ավելացում, որի չափն այս պահին հնարավոր չէ գնահատել: Ի՞նչ է մտածել կառավարությունը՝ առանց համապատասխան հաշվարկներն ունենալու՝ նման որոշում ընդունելով, և ինչպե՞ս է փոխհատուցելու այդ ծախսերը՝ մնում է չպարզաբանված:

Իսկ թե ինչո՞ւ է վարչապետը 15 օր անց որոշել ևս մեկ անգամ կրկնել իր նախարարի ասածները՝ դժվար չէ գուշակել: Միգուցե այն պարզ պատճառով, որ այս բարեփոխումը, թերևս, վարչապետ Փաշինյանի կառավարության իրականացրած միակ գործն է եղել, և այլ ասելիք ուղղակի չկար: Մյուս կողմից, երևի վարչապետը հետո է «ֆայմել» կամ «բիթի ընգել» (եթե մեջբերենք իր սիրելի «Կարգին» հաղորդումից), որ կարելի է լավ լուրերը սեփական էջի միջոցով հայտնել, այդպիսով նաև բարեփոխիչ վարչապետի կերպար ստեղծելով, այնպես, ինչպես եղավ հարկային բարեփոխումների ժամանակ, երբ ամբողջ պետական ապարատը թողած, վարչապետն ինքն է ներկայացնում, թե ինչ հարկային բարեփոխումներ են նախատեսվում:

Եվ եթե հանկարծ պարզվի, որ վերոգրյալի հետ համաձայն չեք, ապա միակ բացատրությունը երեկվա լայվի կլինի այն, որ վարչապետն իրեն երևակայել է, որ քաղաքացիներն այնքան հպարտ են, որ ժողովուրդը միայն իր ասածն ու բացատրածն է հասկանում, ու ամեն ինչ պետք է անձամբ բացատրի ՀՀ հպարտ քաղաքացիներին: Եվ եթե անգամ դա այդպես է, ապա ինչո՞ւ ժողովրդի սիրելի ու տնտեսական բարեփոխումներ իրականացնող վարչապետը մի հատ լայվ էլ չի նվիրում օգոստոս ամսվա տնտեսական աճին, բա ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ հպարտ քաղաքացիների, չիմանա՞, որ օգոստոսին տնտեսական ակտիվությունը երկնիշից իջել է մինչև 0.6%: Իսկ այդպիսի թեմաների պակաս հաստատ չի զգացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս