
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի հետ

Սեպտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: ԱԳ փոխնախարարը Աֆշան Խանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, ՀՀ առաջնայնությունները, այդ թվում՝ մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում:
Զրույցի ընթացքում նախարարի տեղակալ Հովակիմյանն անդրադարձավ երեխաների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության հարցին և ներկայացրեց այս առումով Հայաստանի դրական փորձը: Աշոտ Հովակիմյանը խոսեց մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացումն ապահովելու նպատակով համակարգող մեխանիզմի հիմնման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունը հայտնեց երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև ներկայացրեց հիմնադրամի նոր առաջնայնությունները: